Նախկինում դատապարտված, այժմ «Հրազդան» ՔԿՀ-ում իրեն առաջադրված մեղադրանքով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված 38-ամյա Արմեն Հակոբյանն այս անգամ մեղադրվում է 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը` առանձնապես խոշոր չափերով):
Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ իրեն առաջադրված պատժից դեռևս մեկ ամիս չանցած` դատապարտյալ Հակոբյանը պատժի կրման ընթացքում մտադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակել:
Նրան «օգնության է գալիս» «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցը:
2012 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 18 քաղաքացիների հետ, այնուհետև փոխանակվել բջջային հեոախոսահամարներով և կապը շարունակել բջջային հեռախոսով խոսելու միջոցով: Տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով` ընդհանուր կարողացել է հափշտակել 3.780.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Օրինակ՝ ծանոթանալով Երևան քաղաքի բնակչուհի Մ. Խ.-ի հետ, ներկայացել է որպես Գերմանիայի քաղաքացի Կարեն Հարությունյան, այնուհետև փոխանակվել են հեռախոսահամարներով և, վստահությունը չարաշահելով, ոսկյա զարդերից կրկնօրինակներ պատրաստելու և կրկին հետ վերադարձնելու պատրվակով, Երևանում, գործով չպարզված անձի միջոցով ստացել և հափշտակել է զգալի չափի՝ 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:
Ապա խաբեությամբ վերադարձնելու պայմանով խնդրել է լիցքավորել իր հեռախոսահամարը 20.000 ՀՀ դրամ գումարով և, այդ ամենը հափշտակելով, Մ.Խաչատրյանին պատճաոել է 220.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Այնուհետև շարունակելով իր «գործունեությունը» նույն կերպ «գումար է վաստակել» ևս 17 քաղաքացիներից, ովքեր եղել են «Օդնոկլասսնիկի.ռու» սոցցանցի տարբեր տարիքի օգտատերեր` հանրապետության տարբեր հատվածներից:
Քրգործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Մխիթար Պապոյանին:
«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Հակոբյանի շահերը դատարանում պաշտպանում է ինքը: