Աները կրակել է փեսայի ավտոմեքենայի վրա, իսկ փեսան այրել է աներոջ խոտի դեզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ Արմեն Ավդալյանն ու իր աները` Վարդենուտ գյուղի բնակիչ Ահարոն Մնացականյանը, հայտնվել են ամբաստանյալի աթոռին` անձնական թշնամանքի հետևանքով:  Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցափորձ), իսկ Ահարոն Մնացականյանին` 117 (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառել), 185 հոդվածի 1-ին մասով (գույքի վնասում) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը):

Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, 2014 թվականի հունվարի 11-ին Ահարոն Մնացականյանն իր տան բակում որսորդական հրացանից կրակել է նախկին փեսա Արմեն Ավդալյանի ավտոմեքենայի վրա, այնուհետև ավտոմեքենայով հարվածել Ա.Ավդալյանի ավտոմեքենային: Ավելի ուշ վիճաբանության ընթացքում հարվածել է նախկին փեսայի ավտոմեքենային` պատճառելով նյութական վնաս:

Իսկ փեսան էլ, վիրավորված ու զայրացած այս ամենից, նույն օրը ժամը 20-ի սահմաններում հրկիզման եղանակով փորձել է ոչնչացնել Վարդենուտ գյուղում գտնվող իր նախկին աներոջ խոտի դեզը, սակայն ավարտին չի հասցրել, քանի որ տան անդամները կարողացել են հանգցնել կրակը:

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Քրգործը գտնվում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի վարույթում:




Լրահոս