Երբ դեկտեմբերի 11-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին կառավարության ներկայացրած «Բնօգտագործման եւ բնավճարների մասին» ու «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծերը, եւ դրան բուռն արձագանքեցին ՀՀ ԱԺ նախագահն ու իր «արբանյակ պատգամավորները», անմիջապես հասարակության ուշադրությունն այդ խնդրի իրական նրբերանգներից շեղվեց դեպի ձկնաբուծական ոլորտ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Ալեքսանյան «ձկնաբույծների» տիրույթ: Մինչդեռ իրականում լրջագույն խնդիր է այսօր Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների հարցը: Բնապահպաններն ահազանգում են, որ Արարատի եւ Արմավիրի մարզի մի շարք աղբյուրներ պարզապես ցամաքել են: Ինչո՞ւ:
Ահա այս հարցն է, որ պետք է մտահոգեր ոչ միայն ԱԺ նախագահին, պատգամավորներին, այլեւ ողջ իշխանությանը՝ ներառյալ ԱԱԾ-ին, քանի որ խոսքը մայրաքաղաք Երեւանին մատակարարվող շուրջ 35 տոկոս ջրի պաշարի մասին է: Իհարկե, վերը նշված «ձկնաբույծներն» իրենց գործելաոճով նպաստել են այսօրվա աղետալի իրավիճակի ստեղծմանը, բայց, ի վերջո, ՀՀ կառավարությունն ունի առանձնացված նախարարություն՝ ի դեմս բնապահպանության նախարարության, որի ուղղակի գործառույթն է «բնապահպանությունը», ռեսուրսների արդյունավետ կառավարումը: Մինչդեռ նախարար Արամ Հարությունյանն իր գործունեությամբ վաղուց ու բազմիցս է ապացուցել իր «բնաքանդ» էությունը:
Ուշագրավն այն է, որ նախարար Հարությունյանն իր բաժին պատասխանատվությունը բարդում է պարզ չէ թե ում վրա: Նա 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս օրերին կարեւորում է խորքային հորերի լուծարման գործընթացը: «43 խորքային հորերը, որոնք վերաբերում էին ձկնաբուծական տնտեսություններին, այդ 43-ից շուրջ 25-ը կա՛մ լուծարվել են, կա՛մ գտնվում են լուծարման գործընթացում: Բայց ընդհանուր առմամբ կոնսերվացման, լուծարման եւ այլ խորքային հորերի թիվը հասնում է շուրջ 566-ի»,-ասել է նախարարը: Հիմա գալիս է մյուս հարցը. ինչո՞ւ է Հայաստանում խորքային հորերի թիվն այդքան մեծացել, ո՞վ է տվել դրանց թույլտվությունը: Բնականաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս Արամ Հարությունյանի:
Ստացվում է, որ նախարարը ջրօգտագործման խնդրանքով իրեն տված բոլոր «ազդեցիկ» դիմումները սկսել է բավարարել, իսկ հիմա էլ օրենք է բերել հենց իր գործունեության դեմ. նախ լուծարել հորերը, ապա նաեւ սահմանափակել ջրօգտագործման ծավալները: Մինչդեռ առանց այդ օրենքի ու ԱԺ-ում հնչեցրած հոխորտանքների էլ նա կարող էր իր գործառույթներն իրականացնել՝ ընդամենը երկրի ընդերքը գազանաբար ոչնչացնելու մոլուցքին տուրք չտալով: Ասել է թե՝ նախարար Հարությունյանը սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի՝ նախարարություն կատարած այցից հետո փորձեց ցույց տալ, թե աշխատում է, իսկ իրականում զբաղված է, մեկ բառով ասած, աչքակապությամբ: