Ըստ ամենայնի` այսօր Մոսկվայում կստորագրվի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը: Ինչպես հայտնի է, հայկական կողմը ՄՄ-ին անդամակցության փաստաթղթերի պատրաստման հարցում դրսեւորում է աննախադեպ փութաջանություն` հարուցելով անգամ Պուտինի զարմանքը: Թեեւ, ինչպես պարզ դարձավ ճանապարհային քարտեզն առկա տեսքով ստորագրելուց հրաժարվող Ղրղըզստանի հայտարարություններից, այդ բոլոր փաստաթղթերը հայկական կողմին պարզապես հրամցվում են: Ուղղակի, ի տարբերություն ղրղըզների, մերոնք մի քիչ ավելի արագ են կարդում կամ էլ չեն կարդում առհասարակ, ինչպես վերջերս խոստովանեց Տիգրան Սարգսյանը` ԱԺ ամբիոնից խոստանալով ծանոթանալ իր իսկ ստորագրած փաստաթղթի բովանդակությանը: Ամեն դեպքում, այդ ամենն արդեն հետաքրքիր չէ, քանի որ ՄՄ-ին անդամակցելու հետ կապված ամենամեծ մտավախությունը` ՀՀ-ի ինքնիշխանության կորուստը, արդեն իրականություն է: ԱԺ-ում երեկ դակված գազային համաձայնագրի 8-րդ կետով սահմանված է Հայաստանի` որպես ինքնիշխան պետության, դերակատարությունը սեփական էներգետիկ համակարգի կառավարման մեջ. «Հայկական կողմի ներկայացուցիչն իրավունք ունի, որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ, ներկա գտնվել «Հայռուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստին»: Իսկ մնացածն արդեն զուտ տեխնիկայի հարց է:
ԱԺ երեկվա արտահերթ նիստը, թերեւս, պատմության մեջ կմնա որպես խայտառակության գագաթնակետ. իշխանական ուժերն ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ երեկ վավերացրին ՌԴ-ի հետ «դավաճանության ակտ» անվանումը ստացած գազային համաձայնագրերը: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրենքի խախտմամբ է անցկացվել ոչ միայն համաձայնագրերի քվեարկության ձայների հաշվարկը, այլեւ ԱԺ արտահերթ նիստն ընդհանրապես: Բանն այն է, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը գտնվում է արձակուրդում, այդ մասին կան Հովիկ Աբրահամյանի հրամանները: Սակայն երեկվա արտահերթ նիստին մասնակցելու համար պատգամավորներին արձակուրդից հետ կանչելու նոր հրաման Աբրահամյանը չէր ստորագրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արտահերթ նիստն անօրինական էր նաեւ այդ առումով: Այսպիսով՝ «գիրք կարդալու հետ սեր չունենալու» պատճառով գործող ռեժիմի համար ամենակարեւոր պահին ԱԺ նախագահը տապալեց խորհրդարանի աշխատանքները:
ՀՀ սփյուռքի նախարարությանը կից «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջեից բավական մեծ գումարներ է ստանում` տարեկան մոտ 460 մլն ՀՀ դրամ կամ 1.1 մլն ԱՄՆ դոլար: Իսկ այդ գումարը ՊՈԱԿ-ին հատկացվում է սփյուռքահայերի ներգրավվածությամբ տարաբնույթ մշակութային, տարածքային համագործակցության կամ համահայկական ծրագրերի իրականացման, տեղեկատվական եւ ուսուցողական կայքերի մշակման, ինչպես նաեւ «Արի տուն» ծրագրի իրականացման համար: Հարկ է նկատել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետական բյուջեի միջոցներից սփյուռքահայերի համար իրականացվող ծրագրերի վրա ծախսում է տարեկան մոտ 1.1 մլն դոլար այն դեպքում, երբ հայաստանցիները սեփական հայրենիքում գտնվում են սոցիալ-տնտեսական բավական ծանր վիճակում:
Այս տարվա հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ասաց, որ թեեւ մեծ հույսեր չունեն, այնուամենայնիվ, այսօր կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու 14 տարվա ազատազրկման մասին դատավճիռը: Ամենաուշագրավը, սակայն, Նոնայի հայտնած մյուս տեղեկությունն էր, համաձայն որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մինչ օրս կալանքի տակ է պահում ամուսնու «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան. «Բազմիցս դիմել եմ, որ իմ ամուսնու մեքենան վերադարձնեն, բայց ոչ մի արձագանք չեն տալիս ու վերջ: Մի օր էլ եկան ԱԱԾ-ից մեր տուն, թե մեքենայի բանալիները տվե՛ք: Պատճառաբանեցին, թե հարմար տեղում չէ կայանված: Այդպես տարան ու մինչ օրս չեն տալիս»: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն ինչո՞ւ է շարունակում պահել ավտոմեքենան, եթե այդ քրեական գործի նախաքննությունը վաղուց ավարտվել է, գործն էլ դատարանում է: Արդյո՞ք սա պետական ռեկետ չէ: