ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՄՆԱՑ 7 ՕՐ

«ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
Սերժ Սարգսյան 2013թ. մարտի 18
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013-Ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս:
Այսպիսով, եթե Սերժ Սարգսյանը հարգում է իր խոսքի արժեքը, ապա Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը պետք է հրաժարական տա: Ի վերջո, անգամ պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին ՀՀ տնտեսական աճը չհասավ պահանջված 7 տոկոսին:

 

 
ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՄԱՄՅԱՆԸ

4 տարվա ազատազրկման դատապարտված եւ դեկտեմբերի 20-ին համաներմամբ կալանքից ազատված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս օրերին գտնվում է Ծաղկաձորում: Նա հանգստանում է իր առանձնատանը:
Հիշեցնենք, որ Հ. Թամամյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

 

 

 

ԱՅՍՕՐ ԿՔՆՆԵՆ

Այսօր՝ ժամը 11:00-ին, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննարկելու է «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացրած դիմումն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի դեմ:
Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 10-ին ԱԺ-ում, երբ լրագրողները հարց էին ուղղել Մանվել Բադեյանին, թե արդյոք ճիշտ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը ռուսերենով է հեռարձակվում, պատգամավորը հայտարարել էր. «Իսկականից էդքան անմակարդա՞կ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից տե՞նց եք մտածում»: Չնայած դրանից հետո Մ. Բադեյանը ստիպված եղավ ներողություն խնդրել եզդի ժողովրդից, այնուամենայնիվ, նրանք դիմել են էթիկայի հանձնաժողով, որպեսզի քննվի պատգամավորի վարքը:
Նշենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները եւս ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի դիմեն էթիկայի հանձնաժողով, ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին լիազորել են, որ նա ներկայացնի այնտեղ լրագրողների շահերը: Եզդիների դիմումի քննարկումից հետո լրագրողների դիմումը կներկայացվի հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանին:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿ ԱՆԿՈՒՄ

Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով միայն հետընթաց է ապրում. այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրկին նվազել են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.3 տոկոսով: Շարունակվում է անկումը նաեւ շինարարության ոլորտում. շինարարության ծավալները 11 ամսվա ընթացքում նվազել են 8.5 տոկոսով: Ուշագրավը, թերեւս, տնտեսական ակտիվության ցուցանիշն է. մեկ ամսվա ընթացքում հոկտեմբերի համեմատ՝ նոյեմբերին արձանագրված ցուցանիշը նվազել է միանգամից 10.3 տոկոսով, եւ հիմա 11 ամիսների ընթացքում տնտեսական աճ կոչվածը հազիվ 3.1 տոկոս է:




Լրահոս