«ԻՐԱՆՑ ԲԵՐԱԾ ԳԱԶԻ ՏԵՐՆ ԵՆ, ԱՅ ՔԵԶ ԲԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գազային համաձայնագիրն անցկացնելու նպատակով «բերման էին ենթարկվել» ԱԺ ՀՀԿ խմբակցության անխտիր բոլոր անդամները: ԱԺ նիստին մասնակցում էին այնպիսի ՀՀԿ-ականներ, որոնք անգամ տեղյակ չէին, թե ինչի համար են իրենց կանչել: Քվեարկությունից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ, որոնք, գլուխները կախ, փորձում էին ճողոպրել:

 

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Պարո՛ն Կարապետյան, Դուք եւս համաձայնագրին «կողմ» եք քվեարկել, փաստորեն, Դուք եւս համարվում եք ազգի դավաճան…
-(Գլուխը կախ՝ արագ քայլում է ու լսում հարցը-Ս. Գ.) Բայց ինչո՞ւ եք նման բան ասում:
-Դա հասարակության կարծիքն է: Ձեզ մեղավոր չե՞ք զգում, գոնե ծանոթացե՞լ եք դրա բովանդակությանը:
-Ես ձեզ ասել եմ, թե դուք ինչով զբաղվեք, գնացե՛ք, մի լավ գործով զբաղվե՛ք: Կգաք աշխատասենյակ, էնտեղ կխոսենք (արագ քայլերով հեռանում է-Ս. Գ.):

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, հասարակությունը դավաճան է համարում այն պատգամավորներին, որոնք այսօր կողմ քվեարկեցին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի` ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու համաձայնագրին: Դուք Ձեր հոգու խորքում չե՞ք զգում, որ դավաճանել եք Ձեր երկրին, Ձեր հայրենակիցներին:
-Իհարկե ո՛չ, եթե լավ ուսումնասիրեք, նայեք, բոլոր հարցերի պատասխանները կգտնեք: Եթե որոշ մարդկանց պետք են ինչ-որ աժիոտաժներ, որպեսզի վերադառնան լուսանցքներից, ու դա օգտագործում են, հատկապես քաղաքական ուժերն ու ուժիկները, ես խորհուրդ կտամ, որ մի քիչ ավելի շատ մտածեն:
-Իսկ Դուք ուսումնասիրե՞լ եք այդ համաձայնագիրը…
(Արագ հեռանում է-Ս. Գ.)

 

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ՍԱՍ-ի Արտակ)
-Պարո՛ն Սարգսյան, Դուք եւս կողմ քվեարկեցիք եւ այդպիսով դասվեցիք դավաճանների թվին, դա Ձեզ չի՞ մտահոգում:
-(Արագ քայլում է-Ս. Գ.) Ընդեղ էլի գնա՛, հարցրա՛ (գլխով ցույց է տալիս ԱԺ ՀՀԿ խմբակցության սենյակը-Ս. Գ):
-Համաձայնագրի բովանդակությանը ծանո՞թ եք, նշե՛ք խնդրում եմ՝ ինչո՞ւ «կողմ» քվեարկեցիք:
-(Արագ քայլում է-Ս. Գ.) Ցտեսություն:

 

ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՄԱՊ-ի Ալիկ)
-Պարո՛ն Պետրոսյան, Ձեզ չի՞ մտահոգում այն, որ այսուհետ Դուք եւս դավաճան եք համարվում:
-Ինչի՞ համար:
-Ո՞ր «կողմ» եք քվեարկել…
-Բայց վաճառված էր 80 տոկոսը, իսկ 80 տոկոսը 4 անգամ շատ է 20 տոկոսից:
-Դուք ուսումնասիրե՞լ եք այն փաստաթուղթը, որին «կողմ» եք քվեարկել:
-Էն, որ սենց խոսում են ու սենց ձայն են բարձրացնում… այնպես չէ, որ 20 տոկոս ավել-պակաս ինչ-որ բան է տալու, չկա տենց բան: Եթե 80 տոկոսն իմն է, 20 տոկոսը քոնն է, ես ինչ որոշում ուզում եմ, կայացնում եմ: 80 տոկոսը տված չէ՞ր, ի՞նչն է փոխվել, ժողովուրդը տեղյակ չէ՞ր, որ 80 տոկոսը ռուսներինն է: Ես գտնում եմ, որ սա լրացուցիչ… նախ՝ առաջիկա 5 տարում գազի գինը չի թանկանալու, որը ոչ մի տեղ երաշխավորված չէ, ու երկրորդն էլ՝ նենց կռիվ եք անում, ոնց որ գազը Հայաստանինն է, տվել ենք Ռուսաստանին: Իրանք իրանց բերած գազի տերն են, այ քեզ բան: Հիմա ձեր խոսելուց մի անգրագետ մարդ կմտածի, որ Հայաստանը գազի հանքեր ուներ, տվեց ՌԴ-ին, բայց չեք ասում, որ էդ գազն էդ մարդու սեփականությունն է, կարա չտա էլ ու ասի` գնա՛, ումից ուզում ես, ա՛ռ ու դու էլ եղի՛ր բաժնետեր:
-Բայց խնդիրն էլ հենց այն է, որ նաեւ այս պայմանագրով Ռուսաստանն ամեն ինչ արեց ճիշտ հակառակի համար, որ Հայաստանն այլընտրանքային տարբերակից` իրանական գազից օգտվելու հնարավորություն չունենա:
-Իրանն ավելի թանկ է տալիս:
-Դուք անձամբ բանակցե՞լ եք: ՀՀ իշխանությունները գազի գնի շուրջ Իրանի հետ չեն բանակցել: Չէ՞ որ այդ մասին հստակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը, ինչին, ի դեպ, հերքում չհետեւեց:
-Լավ էլի՛, հո ասելո՞վ չի, դեսպանն էդ երկրի պրեզիդենտը չի, դե դուք էլ ասե՛ք՝ ուրանի հանքեր ենք գտել: Լավ էլի՛, վե՛րջ տվեք:

 

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (Բուռնաշ)
Պարո՛ն Աղաբաբյան, Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազգի դավաճան:
-Իսկ ովքե՞ր են դա համարում:
-Հասարակությունը Ձեզ այդպես է ընկալում:
-Հասարակությունն ովքե՞ր են, քանի՞ հոգի են:
-Ժողովուրդը փողոց է դուրս եկել...
-Ժողովուրդը շատ-շատ կարող է մի 300 հոգի լինի, հասարակությունը ձեր ասածի պես չի ընկալում, ընդհակառակը, հասարակությունը ճիշտ է ընկալում, ա՛յ իրենց է սխալ ընկալում:
-Ո՞ւմ նկատի ունեք:
-Այ էն 300 հոգուն, որոնք, հենց պատերազմ եղավ, հաստատ չեն լինելու:
-Իսկ Դուք ծանո՞թ եք այն համաձայնագրի բովանդակությանը, որին «կողմ» եք քվեարկել:
-Իհարկե, հասարակությունը շատ լավ գիտի, թե դա ինչ է: Մի բան ասեմ, իրենք ինչ-որ թելադրված բաներ են անում:
-Ժողովո՞ւրդը…
-Ո՛չ, ընդդիմությունը: Ընդդիմությունն այսօր ինչ ասում է, իրենք ընդամենը այդքան ձայն ունեն, ավել չունեն, իսկ այդ մարդիկ շատ քիչ են, որ այս ժողովրդի վերաբերմունքին ինչ-որ հակառակ բաներ անեն:
Հ.Գ. Նկատենք, որ անխտիր բոլոր պատգամավորներին ուղղված մեր հարցը` արդյոք ծանոթ են համաձայնագրի բովանդակությանը, ըստ էության անպատասխան մնաց: Գուցե ՀՀԿ-ական պատգամավորները, անկարող լինելով «կողմ» քվեարկելու հրահանգին ընդդիմանալ, միտումնավո՞ր չեն ծանոթացել այդ համաձայնագրին, որպեսզի «խիղճները էլ ավելի չծանրացնեն»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս