Ա.Հովսեփյան. Ընտրախախտումների մասին հաղորդումների քննության համար ԳԴ հատուկ խումբ կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Այդ մասին այսօր Գլխավոր դատախազության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպած` ազատ և արդար ընտրությունների անցկացման վերաբերյալ համաժողովի բացմանը հայտնեց Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կարևորելով նման համաժողովների և քննարկումների անցկացումը, նա հիշեցրեց, որ բազմիցս նշվել է ազատ, անկախ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: “Մենք տարին տարվա վրա անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ընտրությունները և քաղաքական մյուս բոլոր միջոցառումները լինեն ժողովրդավարական պետությանը համապատասխանող և հարիր: Այս անգամ նույնպես պետությունը կամք է դրսևորում, որպեսզի այս ընտրությունները նույնպես մեկ քայլ առաջ լինեն դրանցից առաջ եղած բոլոր նախորդ ընտրություններից: Դրա համար ստեղծված են բոլոր պայմանները”, – ասաց նա, և հավելեց, որ յուրաքանչյուր պետական մարմին ունի իր դերակատարումը ընտրական գործընթացներում, բայց հատկապես մեծ` իրավապահ մարմինները: Ա. Հովսեփյանի խոսքով` իրավապահ մարմինների խնդիրն է նախ` կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, իսկ խախտումների դեպքում` հետևողական լինել համարժեք քրեաիրավաբանական գնահատական տալու հարցում: “Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը պատշաճ քննության առաջկա կդառնա”, – շեշտեց գլխավոր դատախազը, նշելով, որ իր հրամանով ստեղծվող հատուկ աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման ուղղությամբ, այլ նաև իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում և քննարկման առարկա դարձնելով ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող մամուլի հրապարակումներ: Նա նաև վստահեցրեց, որ ինտերնետային կայքի միջոցով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ցանկացած մարդ կարող է վերահսկել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ գործի ընթացքը և որոշման կայացումը:




Լրահոս