ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՐԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա արտահերթ նիստը կարելի է համարել նորանկախ Հայաստանի խորհրդարանի պատմության ամենաամոթալի էջերից մեկը: Իշխանական կոալիցիան ամենակոպիտ ձեւով, խախտելով ՀՀ ԱԺ կանոնակարգը, որպես մեկ միասնական կոճակ, վավերացրեց «դավաճանության ակտ» անվանումը ստացած գազային համաձայնագրերը: Ընդ որում, իշխանական պատգամավորները «սեւ գործն» անելուց հետո նույնիսկ համարձակություն ունեցան իրենք իրենց ծափահարել` ավարտելով արտահերթ նիստը:

Հանգստյան օրերին իշխանությունները դիմել էին բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներին` ԱԺ դահլիճում քվորում ապահովելու համար: Արդյունքում` ՕԵԿ 6-հոգանոց խմբակցությունը մեկ մարդու նման ԱԺ դահլիճում էր, իսկ ՀՀԿ 70-հոգանոց խմբակցությունից բացակայում էին 4-ը` Շուշան Պետրոսյանը, Արկադի Համբարձումյանը, Գարեգին Նուշիկյանն ու Սպարտակ Մելիքյանը:

 

 

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳԵՐԻՆԵՐԸ

Նիստի հենց սկզբում չորս լրագրող, ի նշան բողոքի, հենց ԱԺ դահլիճում պաստառներ էին պարզել` կոչ անելով իշխանություններին չքվեարկել գազային համաձայնագրերի օգտին: Անակնկալ ակցիան միանգամից խառնաշփոթ առաջացրեց. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց լրագրողներին հանել դահլիճից, նույնը պահանջում էր նաեւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Այդ պահին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
ՀՀԿ-ականներին, սակայն, երեկ սպասվում էր երկրորդ տհաճ անակնկալը. ընդմիջման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սկսեց հավաքել ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորների` էլեկտրոնային քվեարկության համակարգից օգտվելու համար նախատեսված քարտերը: Ինչպես հետո նշեց Փոստանջյանը, այդ քայլին էր դիմել ստիպված, որպեսզի ՀՀԿ-ականները բացակաների փոխարեն չքվեարկեն: ՀՀԿ-ական Հ. Սահակյանը, Ա. Բաբլոյանն ու Ս. Ավետիսյանն իզուր էին փորձում բանակցել Փոստանջյանի հետ` ետ վերցնելու համար քարտերը. նա մնաց անդրդվելին: Մինչ նիստը կվերսկսվեր, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մոտեցավ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն ու մի քանի բառ փոխանակելուց հետո ինքն էլ իր հերթին վերցրեց Զ. Փոստանջյանի, Ն. Փաշինյանի եւ Ռ. Հակոբյանի քարտերը, ապա վերադարձավ ՀՀԿ խմբակցության շարքերը:
Ընդմիջումից հետո իշխանական պատգամավորների գործունեությունը կաթվածահար էր, եւ ՀՀԿ-ՕԵԿ զույգը հայտնվել էր Փոստանջյանի գերու կարգավիճակում: «Ամոթ է, ամոթ: ԱԺ-ի համար ամոթ է, որ նման պատգամավորներ կան այս դահլիճում նստած, որ այլընտրանք չունեն, իրենց մտավոր կարողությունները չեն հերիքում, որպեսզի այդ ձեւաչափ օրենքի շրջանակներում կազմակերպեն, փորձում են խարդախությամբ, նենգությամբ, անկարգությամբ տապալել մեր աշխատանքները»,-տեղի տվեցին Աբրահամյանի նյարդերը:

 

 

ԻՇԽԱՆԱԿԱՆ ԳԼԽԱՔԱՆԱԿ

Հովիկ Աբրահամյանը, հղում անելով ԱԺ կանոնակարգի 61 հոդվածին, ասաց, որ եթե չի գործում էլեկտրոնային քվեարկության համակարգը, ապա ձայները հաշվում է ԱԺ հաշվիչ հանձնաժողովը: Դահլիճում այդ պահին իրարանցում սկսվեց. Ռուբիկ Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք էին խնդրում` բողոքելով, որ իրենց քարտերը չկան: ՀՀԿ-ականները տեղից սկսեցին գոռգռալ. Աբրահամյանը ստիպված էր սաստել իր կուսակիցներին` ասելով, որ հանգիստ մնան, եւ որ ընդդիմության ցանկությունն է ձախողել իրենց աշխատանքները: Այդ ընթացքում ԱԺ ամբիոնին մոտեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. նա իշխանական պատգամավորներին կոչ արեց «կողմ» չքվեարկել գազային համաձայնագրերին, քանի դեռ չեն տեսել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի եւ ռուսական «Գազպրոմ»-ի միջեւ մինչ այս կնքված 22 համաձայնագրերը:
Իշխանությունները, սակայն, երեկ նպատակադրվել էին ամեն գնով անցկացնել այս համաձայնագրերը: Հ. Աբրահամյանը հայտարարեց` քվեարկում են ձեռք բարձրացնելով: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ս. Ավետիսյանն արձանագրեց` «կողմ» է քվեարկել 77 պատգամավոր, եւ սա այն դեպքում, երբ դահլիճում իշխանական պատգամավորները 72-ն էին: Մինչ Ավետիսյանը կհաշվեր «դեմ» ձայները, ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները բոյկոտեցին եւ աղմուկով լքեցին դահլիճը: Այդպես, 4 խմբակցությունների բացակայությամբ, իշխանությունները քվեարկեցին գազային մյուս համաձայնագրերը, ինչպես նաեւ 2013թ. պետական բյուջեում փոփոխություններ կատարելու եւ գազի սակագնի բարձրացման հետեւանքով գոյացած 155 մլն դոլար պարտքը որպես պետության պարտք ֆիքսելու մասին օրինագիծը: Ուշագրավն այն է, որ երկար ժամանակ ԱԺ պաշտոնական կայքում չէին դրվում քվեարկությունների արդյունքները: Ավելի ուշ Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկել 72 հոգի, եւ որ 77 թիվը հայտարարվել է շփոթմունքի հետեւանքով:

 

 

ՉԻ ՎԱՎԵՐԱՑՎԵԼ

Տեղի ունեցածից հետո ԱԺ չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, հանդես եկան հայտարարությամբ` արձանագրելով, որ ԱԺ-ում գազային համաձայնագրերը չեն վավերացվել, քանի որ կոպտորեն խախտվել է ԱԺ կանոնակարգը: Ըստ հայտարարության հեղինակների, ԱԺ կանոնակարգի 24 հոդվածի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն` 7 անդամից առնվազն 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով, այնինչ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը` Տ. Ուրիխանյանը (ԲՀԿ), Լ. Սարգսյանը (ՀԱԿ), Ա. Մինասյանը (ՀՅԴ) եւ Թ. Պողոսյանը («Ժառանգություն»), չեն մասնակցել գործընթացին, հետեւաբար հաշվիչ հանձնաժողովի որոշումն իրավազոր չէ, եւ համաձայնագրերը ՀՀ անունից չեն վավերացվել: ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները տեղի ունեցածի վերաբերյալ պատրաստվում են դիմել նաեւ Սահմանադրական դատարան: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ բացակա էր նաեւ ՀՀԿ-ից Տաճատ Վարդապետյանը:
Հ.Գ. 1. Եվս մեկ ուշագրավ փաստ. «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը գտնվում է արձակուրդում, այդ մասին կան Հովիկ Աբրահամյանի հրամանները: Սակայն երեկվա արտահերթ նիստին մասնակցելու համար պատգամավորներին արձակուրդից հետ կանչելու նոր հրաման Արգամիչը չէր ստորագրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արտահերթ նիստն անօրինական էր նաեւ այդ առումով:
Հ.Գ. 2. Գազային համաձայնագրերը ՀՀ-ում քննարկվեցին ու վավերացվեցին աննախադեպ արագությամբ: Թե որն էր պատճառը, դժվար չէր ենթադրել. երեկ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա եւ ցանկացել Պուտինի աչքին երեւալ «կազմ-պատրաստ», Պուտինի հետ ստորագրած համաձայնագրերը վավերացրած:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս