ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՕԳՆԻ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին հայ-ռուսական գազային համաձայնագրին տրվեցին ամենատարբեր որակումներ: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց համաձայնագրի տեքստը, որից հետո միայն մնում է հիշեցնել, որ դեռ կա հնարավորություն` բռունցքվելու եւ ի չիք դարձնելու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության գլխին Սերժ եւ Տիգրան Սարգսյանների ձեռամբ կախված երկնագույն դամոկլյան սուրը:

 

 

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ

Եվ այսպես` 21 էջից բաղկացած այդ փաստաթղթի առաջին իսկ հոդվածում արդեն տեսնում ենք ՀՀ շահերի եւ իրավունքների ակնհայտ նվաստացում. ««Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված (20%) փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների, ստացման անհրաժեշտության` այդ թվում հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»: Ասել է թե` հենց ի սկզբանե այս կետով խաչ է քաշվում ՀՀ` որպես պետության, որդեգրած ազատ շուկայական տնտեսական համակարգի եւ ողջ օրենսդրության վրա: Իհարկե, ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (հոդված 2. կետ 3.) նախատեսված է, որ միջազգային պայմանագրերն առավել գերակա են, այդուհանդերձ, արձանագրենք, որ կամովին եւ ի սկզբանե, թեկուզ ֆորմալ լծակներից հրաժարումը միջազգային պրակտիկայում այլ տերմինով, քան կապիտուլյացիա, չեն կոչում:
Դատելով պայմանագրի հաջորդ կետերից` ակնհայտ է դառնում, որ անգամ այն դեպքերում, երբ պարզապես հնարավոր չի եղել շրջանցել ՀՀ օրենսդրությանը ֆորմալ հղումները, ռուսները միանշանակ եւ բաց արձանագրել են, որ չեն պատրաստվում հայկական կողմի հետ «նեյնիմներ անել»:

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ 

Համաձայնագրի նույն` առաջին հոդվածում կարդում ենք. «…«Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի մինորիտար (50%-1 բաժնետոմս Թ. Մ) փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին` հայկական կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում, նման համաձայնության ստացումը (ուշադրություն !) չպետք է անհիմն մերժվի»: Ասել է թե` «Գազպրոմ»-ը կարող է «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերը ցանկության դեպքում վաճառել, եւ հայկական կողմին ասված է` վպ ՐօտՈՑՖրÿ: Թե սա արդեն ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված ինչպիսի լրջագույն մարտահրավերներով է հղի, կարծում ենք, անգամ անաղերս տեսակի ներկայացուցիչ Գալուստ Սահակյանն է ունակ ընկալել:
Այսօր որեւէ մեկը գիտի՞, թե իրականում որոնք են պայմանագրում նշված ««Գազպրոմ»-ին փոխկապակցված անձինք»: Ըստ պայմանագրի` այդպիսիք են համարվում տնտեսական ընկերությունները, որոնց բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին պատկանում է «Գազպրոմ»-ին: Գուցե դրանք ներկայացնում են ադրբեջանական կամ թուրքական բիզնես շրջանակնե՞րը: Առավել եւս, որ կոնկրետ ադրբեջանական բիզնես ներկայությունը ռուսական էներգետիկ համակարգում առավել քան հզոր է: Պարզ ասած` այս համաձայնագրով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ մի գեղեցիկ օր պարզվի` «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է, օրինակ, Իլհամ Ալիեւի ընտանիքի տնօրինության տակ գտնվող ընկերություններից որեւէ մեկին:

 

ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ

Բացի այդ, համաձայնագրով ««Հայռուսգազարդ» ՓԲԸ գույքի եւ իրավունքների օտարումն իրականացվում է ազատորեն` առանց հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»: Ասել է թե` «Գազպրոմ»-ը ազատ է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները տնօրինել ուզածի պես` առանց հաշվի առնելու հայկական կողմի շահերը, այդ թվում եւ` ազգային անվտանգության:
Բաց թողնելով մի քանի այլ վիճահարույց դրույթներ` անդրադառնանք համաձայնագրի հաջորդ` դարձյալ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանին: Համաձայնագրի երրորդ հոդվածով. «Հայկական կողմը երաշխավորում է, որ ՌԴ տարածքից ՀՀ առաքվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս»: Սա նշանակում է, որ դե յուրե` Հայաստանը չի կարող գազ մատակարարել Լեռնային Ղարաբաղին: ՀՀԿ-ականներն այս կապակցությամբ, իհարկե, դեմքների խորաթափանց արտահայտությամբ ասում են, թե «այդ հարցը լուծված է Պուտինի հետ», սակայն ակնհայտ է, որ նման համաձայնագրի առկայության պայմաններում «Գազպրոմ»-ը ցանկացած պահի կարող է պահանջել դադարեցնել ԼՂՀ գազամատակարարումը՝ այդպիսով սպառնալով Արցախի էներգետիկ անվտանգությանը:

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՀԻ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Ուշագրավ է, որ ի տարբերություն հայկական կողմի, ռուսներն այս պայմանագրով իրենց ապահովագրել են հնարավոր բոլոր ռիսկերից, եւ թերեւս լավ հասկանալով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկար չի տեւելու, իսկ իշխանափոխությունից հետո սպասելի է այս խայտառակ համաձայնագրի լուծարումը, հոդված 6-ում ամրագրել են, որ «Գազպրոմ»-ի գույքն ու ներդրումները «չեն կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի» եւ համարժեք այլ միջոցների: Հակառակ դեպքում «հայկական կողմը պարտավորվում է անհապաղ փոխհատուցել այդպիսի գույքի, իրավունքների կամ շահերի արժեքը` ԱՄՆ դոլարով, դրանց լրիվ շուկայական արժեքով, անկախ գնահատողի կողմից սահմանված, բայց ոչ պակաս, քան կատարված ներդրումների չափով», եւ պայմանով, որ գնահատումն իրականացվում է` հաշվի առնելով շուկայական արժեքի գնահատման վրա ազգայնացման հասցրած վնասի չափը:
Իսկ համաձայնագրի կետերի չկատարման դեպքում հայկական կողմը պարտավորվում է «Գազպրոմ»-ից ետ գնել իր բաժնեմասը` բնականաբար նաեւ փոխհատուցելով «Գազպրոմ»-ի «բոլոր վնասները, որոնք կարող են ծագել նրա մոտ նման չկատարման հետեւանքով»: Ինքնին հասկանալի է, որ «Գազպրոմ»-ի «կրտսեր աշխատակից», համատեղության կարգով նաեւ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի կողմից մի քանի օրում օդից վերցված 300 միլիոն դոլարի պարտքը «սղղացնելուց» հետո «Գազպրոմ»-ի համար ամենեւին դժվար չի լինի ձեւակերպել ամենաքիչը տասանիշ թվերով «վնասներ», որոնք ստիպված են լինելու վճարել ՀՀ շարքային քաղաքացիները:
Այս խայտառակ համաձայնագրի կապիտուլյացիոն էության գագաթնակետը, սակայն, հոդված 7-ն է, որում շարադրված հայկական կողմի պարտավորությունները պարզապես դուրս են ցանկացած, անգամ ուղեղի ՀՀԿ-ական կառուցվածք ունեցող բանական մարդու տրամաբանության շրջանակներից: «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ապագա որեւէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր եւ այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի կամ չեղյալ հայտարարի կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ԲԲԸ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ եւ դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները եւ շահերը»: Այս կապակցությամբ թերեւս լավագույն բնորոշումը տվել է Դավիթ Շահնազարյանը՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշելով, որ ««Գազպրոմ»-ն այդ պայմանագրով ՀՀ Սահմանադրությանը հավասար, եթե ոչ ավելի բարձր նոր օրենսդրություն է ստեղծում Հայաստանի համար»:

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագրի նույն հոդվածով նաեւ սահմանվում է, որ առաջիկա 30 տարիներին, փաստորեն, «Գազպրոմ»-ի համար հարկային պայմանները մնալու են անփոփոխ, եւ շահութահարկի` 20 տոկոս սահմանված դրույքը կարող է «Գազպրոմ»-ի համար փոփոխվել միայն այն դեպքում, եթե ՀՀ կառավարությունը շահութահարկի ավելի ցածր դրույք սահմանի: Իսկ եթե, ասենք, 5 տարի անց ՀՀ կառավարությունը սահմանի 25 տոկոս շահութահարկ, միեւնույն է, «Գազպրոմ»-ը շարունակելու է վճարել այս համաձայնագրով սահմանված 20 տոկոսը:
Ամփոփելով այս կապիտուլյացիոն պայմանագրի ներկայացումը` նշենք, որ դրանում ուղիղ 10 անգամ հանդիպում ենք «Հայկական կողմը երաշխավորում է», 9 անգամ էլ` «Հայկական կողմը ապահովում է» ձեւակերպումներին, մինչդեռ «Ռուսական կողմը» ընդամենը մեկ անգամ է «երաշխավորում»` ՀՀ անհրաժեշտ ծավալների գազ առաքել, այն էլ` դրա դիմաց «հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից լրիվ եւ ժամանակին վճարման իրականացման պայմանով»:
Հ. Գ. Օրերս Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին, ներողություն խնդրեց թոշակառուներից եւ հայտարարեց, թե այդ համակարգը ներդնելու են, որ իր հաջորդներն էլ ստիպված չլինեն ներողություն խնդրել իր չարածների համար: Գազային այս համաձայնագրի վավերացումից հետո, սակայն, Ս. Սարգսյանին փոխարինողները դեռ երկար ժամանակ` առնվազն երեսուն տարի, ստիպված են լինելու ներողություն խնդրել այս հակապետական եւ հակազգային գործարքի համար: Իսկ Սերժ Սարգսյանին եւ այդ համաձայնագիրը դակողներին ներողությունները հաստատ չեն փրկելու:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս