ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆՔ 9-ՐԴ ԽՈՒՄԲ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2014/2015թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր 4-րդ խմբում, որտեղ մեր խմբի մրցակիցները պետք է լինեին Սլովակիայի, Հունգարիայի եւ Ադրբեջանի հավաքականները: Ընդ որում, մրցաշարն անցկացվելու էր Հունգարիայում։
Երեւի նույնիսկ քաղաքականությունից հեռու մարզասերները լավ են պատկերացնում, թե ինչ կարող էր նշանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների (թեկուզեւ մինչեւ 19 տարեկանների) միջեւ հանդիպումը, այն էլ Հունգարիայում։ Հիշեցնենք, որ հենց Հունգարիայում էր ազերի ոճրագործը կացնահարել հայ սպային, այդ երկրի իշխանություններն էլ ոճրագործին հանձնել էին Ադրբեջանին, որտեղ նրան հերոսի պես էին ընդունել։ Դրանից հետո Հայաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
Եվ հենց այս ամենը հաշվի առնելով՝ ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել վիճակահանությունում, եւ նոր որոշմամբ Հայաստանի փոխարեն այդ խմբում հանդես կգա Սլովենիայի ընտրանին, իսկ մեր հավաքականը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Սերբիայի եւ Սան Մարինոյի մինչեւ 19 տարեկանների հավաքականները: Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբերի 10-ին, 12-ին եւ 15-ին:
Այս չկայացած ֆուտբոլային հակամարտությունը մեզ հիշեցրեց ոչ հեռավոր 2006 թվականի հունվարը, երբ «Փյունիկ» ակումբի ղեկավարությունն ընդունեց խայտառակ որոշում՝ Մոսկվայում ընթացող «Համագործակցության գավաթ»-ի կիսաեզրափակչում չմասնակցել Բաքվի «Նեւթչի»-ի հետ կայանալիք հանդիպմանը։ Ընդ որում, մինչեւ այսօր էլ շատերը համոզված են, որ Ռուբեն Հայրապետյանն այդ որոշումը կայացրել է եթե ոչ Ռոբերտ Քոչարյանի, ապա առնվազն այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրահանգով։ Դրանից հետո «Փյունիկ»-ին զրկեցին «Համագործակցության գավաթ»-ի խաղարկությանը մասնակցելուց, սակայն էականը ոչ թե դա էր, այլ այն, որ մարտադաշտում հաղթած երկրի ֆուտբոլային ակումբը պարզապես փախավ մարզադաշտից։

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Դեկտեմբերի 20-22-ը խուլ-համրերի մշակույթի պալատում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2013 թվականի առաջնությունը, որին մասնակցում էր 95 մարզիկ Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերից ու Երեւանից:
Ըստ քաշային կարգերի` հաղթողներ դարձան Գարիկ Բարսեղյանը (57 կգ, ԲԿՄԱ), Նարեկ Սանոյանը (61 կգ, ԲԿՄԱ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ, Կոշ), Դավիթ Ափոյանը (70 կգ, Արթիկ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, ԲԿՄԱ), Վահե Թամրազյանը (86 կգ, Ռուբիկ Կարապետյանի անվան մարզադպրոց), Էդգար Ենոքյանը (97 կգ, ՀՄՄ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ, Քուչակ):
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՍՏԱՑԱՆ

Երեկ տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերություններ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ստացան խիստ նախազգուշացում: Օրինախախտ տաքսի ծառայություններն են՝ «Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի դե Լյուքս սիթի», «Տաքսի Մանանդ», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ», «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո գրուպ», «Էդ ընդ Էմի», «Զեթ ընդ զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան:
Պարզվում է, որ այսօր տաքսի ծառայություններից շատերն ուղեւորներին մոլորեցնում են: Հանձնաժողովը մի շարք քաղաքացիների բողոքների հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել այս ոլորտում: Ինչից հետո բացահայտել է խաբեության տասնյակ դեպքեր: Մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա որպես կանոն 1 կմ գին նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կմ-ից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ուղեւորափոխադրման ընթացքում տաքսոմետրի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոփոխվում է՝ արդեն սկսած 2.1 կմ-ից, ինչպես, օրինակ, «Փինկ» տաքսի ծառայության դեպքում:
Նման կերպ ՏՄՊՊՀ-ի մասնագետները պարզել են, որ, ասենք, «Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ ընդ Էմի» եւ «Կապոլլո» տաքսիների դեպքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 4.1 կմ-ից: Մի շարք դեպքերում էլ ուղեւորներն ընդհանրապես տեղեկացված չեն եղել տաքսի ծառայության սակագներից, քանի որ, օրինակ, «Զոլոտոյ Դյուկ»-ի դեպքում ավտոմեքենայի արտաքին մասում եւ սրահում սակագնի եւ այլ պայմանների մասին որեւէ տեղեկատվություն չի նշվել: Մեքենայի ներսում առկա չի եղել նաեւ տաքսոմետր: Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձն իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է, այլ 120-ից 150 դրամ:
Սակայն հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում դրսեւորեց՝ հաշվի առնելով, որ օրինախախտ ընկերություններն առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, եւ ռեսուրսների սահմանափակության պատճառով ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային կերպով: Այսինքն՝ խախտումներ են բացահայտվել բոլոր այն ընկերությունների մոտ, որտեղ անցկացվել են դիտանցումներ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ հանձնաժողովը շարունակելու է ուսումնասիրություններն այս ոլորտում եւ հետեւողական է լինելու, որպեսզի խախտումներն արագ վերացվեն: Իսկ նիստին ներկա «Այգեձոր» տաքսի ծառայության տնօրեն Սուրեն Մկրտչյանն ընդունեց ոլորտում առկա խնդիրները եւ խոստացավ իր ծառայությունում շտկել դրանք:
Հ.Գ. Հետաքրքիր պատճառներով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ իր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին պատկանող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն դուրս է մնացել ՏՄՊՊՀ-ի հայտարարության շրջանակներից:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս