«18 ՏԱՐԻ Է` ԺԵՇՏԻ ՄԵՋ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

52-ամյա Արմեն Կարախանյանն իր բազմազավակ ընտանիքի հետ բնակվում է Թբիլիսյան խճուղու 26 հասցեում` Երեւան-Աբովյան մայրուղու վրա: Ընտանիքի միակ ունեցվածքը երկաթե տնակն է, որն ամբողջովին վերանորոգման կարիք ունի: Բացի այս` արդեն երկու տարի է, ինչ չորս տղաների հայրն աշխատանք չունի: Ընտանիքի հիմնական եկամուտը նպաստն է, որը կազմում է 44 հազար դրամ:

«Երբեմն անհատ մարդիկ մակարոն-վերմիշել են բերում: Դա ենք ուտում, թե չէ էս կյանքի մեջ ուրիշ հետաքրքրություն չկա, արդեն ռոբոտացած ենք. մտածում ենք միայն ուտելու, ստամոքսը լցնելու մասին: Չորրորդ երեխային ունեցանք մի պատճառով, որպեսզի օգտվենք ընտանեկան նպաստից»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց ընտանիքի հայրը` 52-ամյա Արմեն Կարախանյանը:
Մեր զրուցակիցը տարիներ առաջ տարբեր մետաղներ է հավաքել ու վաճառել, ինչով եւ կերակրել է ընտանիքի անդամներին: Հիմա, սակայն, առողջական խնդիրներ ունի եւ չի կարողանում աշխատել:
18 տարի է, ինչ խիստ կարիքավոր այս ընտանիքն ապրում է երկաթե տնակում` անմիջապես Երեւան-Աբովյան մայրուղու վրա: «18 տարի էս ժեշտի մեջ ենք»,-ասաց կոմունալ որեւէ հարմարությունից զուրկ այդ «կացարանի» տերը: 52-ամյա Արմենի խոսքով` երկաթե «դոմիկում» ամռանը շատ շոգ է լինում, իսկ ձմռանը` սաստիկ ցուրտ:
Նշենք, որ օրերս ՀՀ կառավարությունն Արմեն Կարախանյանին Մարալիկ գյուղում տուն է առաջարկել, որից նա, սակայն, հրաժարվել է: «Ինչո՞վ էի այնտեղ ընտանիքս պահելու: Բայց մյուս կողմից էլ այս պայմաններն են դժվար, զուգարան ունեինք դրսում, բայց այս վատ եղանակի պատճառով սառել է ու քանդվել: Ջուր չունենք, գնում հասնում ենք Ռադիոմաշտ ու այնտեղից բերում: Երկու ամիս առաջ` կեսգիշերն անց, մի մեքենա կանգնեց դոմիկի մոտ: Երիտասարդ տղաներ իջան, մտան տուն, տեսան, որ երեխաները հատակին են քնած, խիղճները տանջեց, ու նրանցից մեկը գրպանից գումար հանեց ու տվեց: Լինում են մարդիկ, որ գալիս են, սիգնալ տալիս, դուրս եմ գալիս, 1000 կամ 2000 դրամ տալիս են ու գնում: Բարի մարդիկ կան»,-պատմեց մեր զրուցակիցը:
Երկաթե տնակում տեղադրված իրերը` աթոռները, հեռուստացույցը, գորգը եւս բարի մարդիկ են նվիրել: Սոցիալական ծանրագույն պայմաններում ապրող ընտանիքի հայրը, սակայն, ավելի շատ մտահոգված է իր որդիների հետագա ճակատագրով. «Ամենից շատ վախենում եմ, որ չընկնեն վատ շրջապատ, խուժան չդառնան»: Իսկ մոտալուտ Ամանորը տոնելու մասին նույնիսկ չեն էլ մտածում: Այդուհանդերձ, որպեսզի երեխաներին փոքր-ինչ ուրախացնեն, փոքրիկ տոնածառ են դրել տանը:
Արմեն Կարախանյանը կառավարությունից պահանջում է բնակարան, որտեղ հնարավոր կլինի «մարդավայել մեծացնել» իր չորս որդիներին: Իսկ այս ընթացքում կարիքավոր ընտանիքին հագուստով եւ սնունդով օգնում են միայն հասարակական կազմակերպությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս