ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ 1985 թվականի մարդատար ավտոմեքենա: ԱՊՊԱ պայմանագիր ունեմ, բայց ցանկանում եմ նաեւ ձեռք բերել «Կասկո» պայմանագիր: Կարիք կա՞ այդ տարեթվի ավտոմեքենայի համար կնքել «Կասկո» պայմանագիր: Եվ կցանկանայի իմանալ, թե ինչ ռիսկերից է ապահովագրում այն:

Կարեն Երանոսյան (34 տարեկան, վարորդ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կասկո» պայմանագրով նախատեսված են հետեւյալ ռիսկերը՝ գողություն եւ ֆիզիկական վնաս:
Ցանկացած իր, այդ թվում նաեւ ավտոմեքենան, ամեն տարի ենթարկվում է բնականոն մաշվածության: Այդ մաշվածությունը հաշվի է առնվում ցանկացած ապահովագրական ընկերության կողմից հատուցում տրամադրելու դեպքում: Ընդ որում, հին մեքենաների դեպքում մաշվածությունը կարող է գերազանցել 80 տոկոսը, եւ ապահովագրությունը հաճախորդի համար դառնում է ուղղակի անիմաստ, քանզի նման դեպքում հատուցվում է վնասի ընդամենը 20 տոկոսը: Այդ սահմանափակումը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում այն կազմում է 7-10 տոկոս տարեկան: Հաշվի առնելով ՀՀ ավտոմեքենաների շուկայի յուրահատկությունները` մեզ մոտ ապահովագրական ընկերությունում սահմանվել է 15 տարվա սահմանափակում: Ավելի հին ավտոմեքենայի դեպքում հաճախորդը չի ստանում կրած վնասներին համարժեք հատուցում:

«Ռոսգոսստրախ Արմենիա»
ապահովագրական ընկերություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում ստացվում է, որ եթե ավտոմեքենայի «տարիքը» լրացել է, ապա «Կասկո» պայմանագիր կնքելը լրիվ անիմաստ է դառնում: Հատկապես, երբ վարորդները դժգոհություններ են հայտնում անգամ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում գործող փոխհատուցումից՝ գումարների ուշացում, ժամանակի ձգձգում, թղթաբանական քաշքշուկ եւ այլն:

 

 

 
ՀԱՐՑ. Գիտեմ, որ երկու երեխա ունեցող ծնողը, գործող կարգի համաձայն, չի զորակոչվում բանակ՝ ծառայության: Խնդրում եմ ասել, եթե երկրորդ երեխան ծնվում է հոր` բանակում եղած ժամանակ, ապա նրան զորացրո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենում:

Սուսաննա Խաչատրյան (58 տարեկան,
տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ այս հարցը կարգավորվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով: Դրա 2-րդ մասի պահանջների համաձայն՝ այն զինծառայողները, որոնք պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերում նույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք, վաղաժամկետ արձակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերից՝ 1-ամսյա ժամկետում:
ՀՀ պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե նման դեպքերում գործում են որոշակի բացառություններ, եւ մեկից ավելի երեխաներ ունեցող ծնողներին օրենքի շրջանակներում ազատում են ծառայությունից: Միայն թե պետք է գործող կարգին լիովին ծանոթ լինել եւ օգտվել օրենքով տրվող հնարավորությունից:




Լրահոս