«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաժան ծեծի էին ենթարկվել եկեղեցու քահանան եւ այլ հոգեւորականներ, կրքերը դեռ չեն հանդարտվում մեր հարեւան երկրում: Բայց այս անգամ վրացիները ոչ թե հերթական հայկական եկեղեցին կամ շինությունն են քանդել, այլ խուլիգանություն են թույլ տվել։
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, Վիրահայոց թեմի իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն, նշված օրը ծեծի ենթարկված Լեւոն Իսախանյանից, երեկ կրկին ագրեսիվ մի խումբ շրջապատել է հայկական եկեղեցին. «Եկեղեցուց մի փոքր հեռու հավաքվել են մի խումբ մարդիկ եւ բավականին ագրեսիվ են: Մենք հուսով ենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդար կքննի գործը»: Թե ինչն է հայ հոգեւորականների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու պատճառը, առայժմ հստակեցված չէ:
Երեկ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, թե դեպքն ազգամիջյան բնույթ չի կրել, եւ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Հետեւաբար՝ 125-հոդվածի՝ վնասվածքներ հասցնելու հատկանիշներով, վրաց իրավապահները քրեական գործ են հարուցել: Սակայն Վրաստանում Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու թեմը համաձայն չէ այս գնահատականի հետ եւ, ըստ apsny.ge կայքի, թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատուրյանը նշել է, որ կձգտեն հասնել մանրակրկիտ հետաքննության եւ գործի ադեկվատ որակավորման. «Մենք համաձայն չենք, որ դա սովորական խուլիգանություն է, եւ հետաքննություն ենք պահանջելու»,-ասել է Խաչատուրյանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։