Ռուսները չեն թաքցնում, որ ԵՏՄ անդամակցության դիմաց Հայաստանը կարող է վճարել Լեռնային Ղարաբաղով․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը եւ որպես դրա հետեւանք` Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաեւ Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն` Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով: Ռուսական մեթոդներով՝ նաեւ հայերի կատարմամբ: Նախօրեի երեկոյան, օրինակ, մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի եւ հավատացյալների վրա:

Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50 հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով եւ վայելուչ հագուկապով այրեր: Տեղի ունեցածն, իհարկե, նողկալի եւ խստագույնս դատապարտելի երեւույթ է:

Մյուս կողմից, սակայն, քաղաքական մեղսունակությունը պահանջում է առնվազն չբացառել, որ նման հանցագործությունները՝ նման լարված պայմաններում ու նման լարված տարածաշրջանում, չեն կատարվում պատահաբար ու, որ «վայելուչ հագուկապով այրերը», որպես կանոն, ուղղորդվում են շատ որոշակի տեղից, շատ որոշակի նպատակներով: Ընդհանրապես, ցանկացած հանցագործությունից հետո ծագող առաջին հարցն «ո՞ւմ է այն ձեռնտու» հարցադրումն է։

Իսկ Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները, ակնհայտ է՝ ձեռնտու են առաջին հերթին` Ռուսաստանին, որն իր բոլոր նպատակներին հասնելու համար միայն մեկ մեթոդի է տիրապետում՝ սառը հակամարտությունների «տաքացումը»: Ձեռնտու է ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում ակտիվացած բախումները, որոնց հետեւանքով ամեն շաբաթ հայ զինվորներ են սպանվում:
Բայց, ըստ ամենայնի, Ռուսաստանը չի բավարարվում սահմանային փոխհրաձգությունների ներկայիս «մակարդակով», եւ պետք է ավելին: Ընդհուպ՝ մինչեւ պատերազմի վերսկսումը: Որպեսզի դա տեղի ունենա, բավարար է, որ հայկական կողմն ադրբեջանցիների կրակոցներին պատասխանի ոչ թե զուսպ, այլ առանձնակի դաժանությամբ՝ մեկին տասը հարաբերակցությամբ: Հայկական կողմն այդպես չի վարվում, ու դա առաջացնում է ոմանց վրդովմունքը: Ոմանց թվում են ոչ միայն պատերազմի նախկին վետերանները, ովքեր թշնամուն արժանի հակահարվածներ տալու մասին խոսում են` առանց քաղաքական հաշվարկներ անելու, այլ նաեւ նրանք, ովքեր որեւէ բառ չեն արտասանում` առանց քաղաքական հաշվարկի: Թե ինչո՞ւ կարող է նրանց համար ցանկալի լինել կամ առնվազն մերժելի չլինել պատերազմի վերսկսման հնարավորությունը, կարելի է միայն կռահել: Այնքանով, որքանով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ:

Ռուսներն արդեն նույնիսկ չեն թաքցնում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դիմաց Հայաստանը կարող է վճարել Լեռնային Ղարաբաղով: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանն է պատրաստ վճարել Լեռնային Ղարաբաղով՝ Ադրբեջանի անդամակցության դիմաց: Ու որպեսզի դա ընդվզում չառաջացնի հայ հասարակության շրջանում, անհրաժեշտ է նրան կանգնեցնել երկընտրանքի առաջ՝ պատերազմ կամ անդամակցություն: Հիմա շատերը զբաղված են այդ երկընտրանքը «հասունացնելով»: Վրաստանում եւ Հայաստանում: Երկու ճակատով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս