ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե օրեր առաջ Դոնեցկում տեղի ունեցած ավիավթարի մեղավորներն անջատողականներն են, որոնք էլ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից:
Նա նշեց, թե տեղի ունեցածը գրավել է միջազգային հարթակների ուշադրությունը և ստեղծվել է հանձնաժողով, որը մինչ այժմ հետաքննում է տեղի ունեցածը:
«Ուկրաինայի նախագահը երեկ մեկ անգամ ևս հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է, որ օր առաջ դեպքերը բացահայտվեն: Եվ նա կոչ է արել բոլոր միջազգային կառույցներին միանալ,որպեսզի օբյեկտիվ կերպով քննեն տեղի ունեցածը: Իհարկե, միջազգային հանձնաժողովի որոշումից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն», – վստահեցրեց նա:
Դեսպանը նշեց, թե անջատողականներն ունեն զենքեր, որոնք բերվում են Ռուսաստանից և հիմնականում այն ճանապարհով, որը չի հսկվում Ուկրաինայի կողմից:
«Իհարկե, այն երկիրը, որը պաշտպանում է ահաբեկիչներին, պետք է վստահ ասենք, որ նույնպես պետք է պատասխանատվություն կրի դրա համար», – վստահեցրեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դոնեցկի տարածքում մալայզիական ինքնաթիռ է պայթել, որի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ: