Ի՞նչ գործ ուներ Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղում. նոր մանրամասներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  տեղեկացրել էինք, այսօր Քաշաթաղի հյուսիսային մասում ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում:

Վիրավորներից Գառնիկ Ավետիսյանի ողնաշարը վնասվել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Գ.Ավետիսյանի կնոջ ընկերուհին, ով փորձում էր հանգստացնել նրա կնոջը: Վերջինիս ցուցաբերվել է առաջին օգնություն: Գ.Ավետիսյանի կնոջ ընկերուհին հայտնեց նաև, որ բժիշկների խոսքով, հստակ դեռ ոչինչ ասել չեն կարող:

Գ.Ավետիսյանի եղբայրը տեղեկացրեց, որ իրենք դեռևս չգիտեն, թե նրանք ինչու էին գնացել Քաշաթաղ:

Էրեբունի ԲԿ-ի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը հայտնել է, որ վիրավոր անձանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Փոխտնօրենի խոսքով, այս պահին պետք է սկսվի վիրավոր Գ. Ավետիսյանի ողնաշարի վիրահատությունը: Նա վստահեցրեց, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, և նա կկարողանա քայլել: Մ. Մանուկյանը հավելեց, որ քիչ անց կսկսվի նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վնասված ոտքի մատի վիրահատությունը: Նա տեղեկացրեց, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել շատ ծանր վիճակում:

ԱԻՆ-ը տեղի ունեցածի վերաբերյալ հայտնում է.

«Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»:

Նախապես հաղորդվում էր, որ նշված անձինք եղել են «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով:

Տեսանյութը՝ slaq.am-ի




Լրահոս