Չնայած Հովիկ Աբրահամյանն օրերս խոստացավ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության շուրջ «առավել հստակ տեղեկություններ հայտնել Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո»` իմիջիայլոց նաեւ հիշատակելով, որ իրենից հետո Վ. Պուտինի հետ հանդիպելու է նաեւ Ս. Սարգսյանը, այդուհանդերձ ՌԴ վարչապետի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրությունում ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հստակ ոչինչ չկար:
Ըստ ամենայնի, որեւէ հստակություն չի լինի նաեւ առաջիկայում կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, թեեւ` դեռ հարց է, թե երբ, եւ արդյոք այդ հանդիպումը կկայանա: Այն, հիշեցնենք, նախանշված էր հուլիսի 3-ին, եւ հետաձգվեց` առանց որեւէ հրապարակային պատճառաբանության: Ինչեւէ. վերհիշելով, թե ինչպիսի ակնկալիքներ կային ընդամենը մեկ տարի առաջ` անցած հուլիսին, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ տարի հետո: Սակայն մեկ տարվա հեռավորությունից, թերեւս, կարելի է որոշ դիտարկումներ անել այն մասին, թե ինչ կարող էր լինել, եթե Սերժ Սարգսյանը համարձակվեր ռուսներին «ոչ» ասել:
Սակայն մինչ այդ` ամրագրենք, որ նման ճակատագրական շրջադարձ կատարելու եթե ոչ միակ, ապա առաջնային շարժառիթը Սերժ Սարգսյանի համար սեփական իշխանությունը կորցնելու վտանգն էր, որն էլ կանխելու նպատակով նա սեպտեմբերի 3-ին` Պուտինի հետ կեսժամանոց առանձնազրույցից հետո ասաց` «այո, իհարկե այո»: Եվ անվտանգության մասին կիսաբերան հիշատակումներն իրականում վերաբերում էին ոչ թե Ղարաբաղին, այլ հենց երկրի ներքին, կամ ավելի ճիշտ` Սարգսյանի պաշտոնավարման անվտանգությանը:
Խնդիրն այն է, որ Ս. Սարգսյանի թիկունքը խիստ խախուտ էր, եւ ցանկացած պահի ռուսները կարող էին Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Սկսած ԲՀԿ-ից եւ Դաշնակցությունից, ավարտած` Պուտինի հասցեին ոչ մի թթու խոսք ասել չթույլատրող Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ով` ՀՀ ողջ քաղաքական դաշտը պրոռուսական էր, անգամ ամերիկամետ Րաֆֆի Հովհաննիսյանն էր մեկնում Կրեմլ` իր «հաղթանակը բերելու»: Ինչ վերաբերում է ԱԺ քաղաքական մեծամասնությանը ` ի դեմս ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, ապա վերջինիս դեպքում բավական էր Արթուր Բաղդասարյանին զանգահարեր Պատրուշեւի օգնականը, իսկ հանրապետականների ցուցակներն էլ, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ կազմել էր Ռոբերտ Քոչարյանը:
Եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ ՀՀ քաղաքացիների կեսից ավելին գոյատեւում է ՌԴ_ում աշխատող հարազատի ուղարկած փողերով, ակնհայտ է, որ ցանկության դեպքում Ազատության հրապարակը ժամերի ընթացքում կլցվեր «կրիտիկական զանգվածով», որից հետո արդեն իշխանափոխությունն ընդամենը տեխնիկայի հարց կլիներ:
Այնպես որ` Ս. Սարգսյանն իրավացի էր, երբ ասում էր, որ ՀՀ-ն չի կարող անվտանգության խնդիրները կապել մի բեւեռի, իսկ տնտեսական հարցերը` մեկ այլ բեւեռի հետ: Մի տարբերությամբ, որ խոսքը ոչ թե երկրի, այլ սեփական աթոռի անվտանգության մասին էր: