ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆ` ՓՈՂՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն իր «վաստակած» հանգիստն էր անցկացնում Ֆրանսիայում՝ վերականգնելով  ուժերը, որը վատնել էր հայրենի քաղաքացիների հոգսերի ու սոցիալական խնդիրների  «լուծման» վրա, բնությունը չար կատակ խաղաց քաղաքապետի գլխին, ու հունիսի 20-ի փոթորիկը  տակնուվրա արեց Վարդենիսի բնակիչների տները: Դա դեռ քիչ էր, հուլիսի 9-ին էլ ողջ քաղաքը տագնապալից վիճակում էր գտնվում  ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման մասին լուրերից։ Մարդիկ այն վիճակում էին հայտնվել, որ վախենում էին անգամ ջից օգտվել, քանի որ լուրեր էին պտտվում, թե դիվերսանտները հնարավոր է՝ թունավորել են Վարդենիս մտնող ջրային պաշարները: Եվ չկար գոնե տեղական մակարդակի մի պաշտոնյա, որ փարատեր ժողովրդի տագնապը, հանգստացներ խուճապահար բնակիչներին:

Եվ ահա, հայրենի քաղաքին պատուհասած աղետներից հետո, Ֆրանսիայում իր հանգիստն անցկացնելուց վերադարձած Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց  հետաքրքրվել, թե  արձակուրդից հետո նա ինչ է արել վարդենիսցիների համար, որոնց թողել էր բախտի քմահաճույքին:

-Պարոն Խլոյան, Ձեր՝ Ֆրանսիա հանգստի գնալուց հետո Վարդենիսում լուրջ իրավիճակ ստեղծվեց, մարդիկ խուճապի   մեջ էին հայտնվել, վերադառնալուց հետո ի՞նչ եք արել Ձեր բնակիչների համար:

-Ով տուժել էր, բոլորի օջախները հատիկ առ հատիկ գնացել եմ, ուսումնասիրել եմ ու տեսել, որ իրոք մարդիկ վնաս են կրել:  Համապատասխան ակտը նորից վերանայել եմ, քանի որ հասկացել եմ, որ բացթողում է եղել: Մարդիկ կան, ովքեր տանը չեն եղել, Երեւանում են եղել՝ իրենք էլ են տուժել։ Տանիքը չի եղել, պատուհաններն են կոտրվել: Այդ մարդիկ դիմել են ինձ, գնացել տեսել ենք, որ իսկապես  մարդիկ տուժել են,   իրենց էլ ենք այդ ցուցակի մեջ  ներգրավել: Տանիքի վնասի չափը հաշվել ենք ու մարդկանց համապատասխան տեխնիկայով պետք է ապահովենք: Այսօր կառավարության կողմից մարզպետարանին տրամադրված է  3030 քմ թիթեղ եւ 200 հատ էլ շիֆեր, իսկ մարդկանց մի մասի հարցը լուծված չէ ու սպասում են: «Բարգավաճ»-ը եկել տվել է: Ու թե ում ինչքան է տվել՝  մենք տեղյակ չենք, նախ՝ բոլորը պետք  է հաշվարկեին, նոր բաժանեին, որ ամեն ինչ ճիշտ լիներ, մարդկանց միջեւ էլ հավասարություն լիներ: Մի խոսքով, այն, ինչ տրամադրել են, քիչ է: Այսօր պատուհանի խնդիր կա եւ այլ շատ հարցեր: Անկապ ձեւով բաժանել են, որը բերել է այլ խոսակցության:

-Տեղեկացանք, որ ՀՀ կառավարության հատկացրած 20 միլիոնը քիչ համարելով  եւս կրկին դիմել եք կառավարությանը: Ի՞նչ հիմքով եք գումար պահանջելու:

-Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ կառավարություն, որտեղ նշել եմ, որ վերստուգումներն ենք իրականացրել, ներկայացրել եմ այդ ստուգումները, թե ինչ ենք պարզել եւ խնդրել եմ ՀՀ վարչապետին, որ հետամուտ լինի, թե այն հանգանակություններն ու օգնությունը, որ տրամադրվել էր, ի՞նչ ուղղվածության է գնացել: Գիտեք, այսպիսի խնդիր կա, ինչո՞ւ կառավարությունը տա,  հետո մարդիկ գոհ չլինեն: Բա կառավարությունը տվել է, մենք էլ պետք է  հետամուտ լինենք ճիշտ վերաբաշխմանը: Այնպես պետք է անեին, որ քաղաքապետարանի հետ համագործակցված աշխատեին, որ ամեն ինչ ճիշտ լիներ: Այդպես չի լինում, դրա համար այս վիճակն է:

-Այսինքն, անգամ կառավարության փոխանցված գումարը ճիշտ չի վերաբաշխվե՞լ:

-Չեմ կարող ասել ճիշտ է եղել, թե ոչ,  բայց նախ՝ պետք է ակտը կազմեին, նոր վերաբաշխեին: Դեռ տներ կան, որ գտնվում են անմխիթար վիճակում :

-Իսկ Դուք, որպես քաղաքապետ, անձամբ ի՞նչ արեցիք:

-Կուզենայի գայիք ժողովրդից հարցնեիք, ինձ ասում էին՝ Խլոյի Վալոդ, ափսոս դուք այստեղ չէիք, քանի որ մեր բոլոր հարցերը հարյուր տոկոս լուծված կլինեին:

-Ի՞նչ կասեք թունավորված ջրի մասին , մարդիկ վախենում էին ջուր խմել:

-Տեղեկությունը սուտ է եղել, ջուրը ստուգման ենք տվել, մաքուր է:

-Կասե՞ք, որ ընկերությանն եք դիմել, որ փորձաքննության ենթարկեն ջուրը:

– Հիմա կազմակերպության անունը չեմ կարող ասել, դե մենք միշտ սանէպիդին ենք ներկայացնում, որ այնտեղի համապատասխան մասնագետները ստուգեն:

-Մարդիկ ոչ մի ընկերության չեն հավատում: Ինչո՞ւ Դուք, որպես ժողովրդի ներկայացուցիչ, անձամբ չգնացիք խմեիք ջուրը, որ մարդիկ Ձեր օրինակով համոզված լինեին, որ ամեն ինչ կարգին է:

– Անհնարին է, քաղաքապետը ջուրն օգտագործում է, քաղաքապետը վախեցող տղա չէ: Իմ եկած օրը, երբ ինձ ասեցին, ես ասեցի՝ ժողովուրդ ջան, նման բան չկա ու մինչեւ հիմա էլ ջուրն օգտագործում եմ: Տեսեք, ձեզ հետ էլ խոսում եմ:

-Իսկ խոսե՞լ եք Վարդենիսի ոստիկանության, Ազգային անվտանգության բաժինների պետերի հետ, բանակային կորպուսի հրամանատարի հետ, թե ինչու նրանք տեղում չեն եղել։ Ըստ լուրերի՝  դիվերսանտների խումբը մտել է քաղաք եւ մի քանի օր շարունակ ապրել:

-Բոլորի հետ էլ խոսել ենք, համագործակցված աշխատել ենք: Մարդիկ իրենց տեղում աշխատել են:

-Ինչպե՞ս կարող էին տեղում լինեին, երբ ամեն օր լսում ենք հայտնաբերված դիվերսանտների մասին եւ դեռ հայտնի չէ, թե որքան է եղել նրանց իրական թիվը: Ավելին, մարդիկ մինչ օրս վախով են քնում իրենց բնակարաններում:

-Գիտեք, մեզ մոտ, հանքի տարածքում անձրեւը որ բռնում  է, մատդ մտցնես մեկի աչքը բան չի երեւում: Երեւի դրանք  այդ կողմով են անցել, ինչ անի զինվորական հրամանատարը, ոստիկանը, որ այդպես է եղել: Բոլորն էլ իրենց տեղերում են եղել: Ոչ մեկից չեմ վախենում, ճիշտ եմ ասում,  եթե տեղում չլինեին, կասեի՝ տեղում չեն եղել,  խափող տղա չեմ։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս