ԵՐԲ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին գնալով ավելի հաճախակի են դառնում պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները: Նման կանխատեսումների հիմք են դարձել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական, այլեւ հայ-ադրբեջանական սահմաններին տիրող լարվածությունը, հատկապես, երբ վերջերս հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների արդյունքում գնդակոծության ենթարկվեցին նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այդ միջադեպերին գումարվեց արդրբեջանական դիվերսիոն խմբի` Քելբաջար ներթափանցելու պատմությունը: Չնայած, երեկ արդեն,  ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման մասին, համաձայն որի՝ խմբի անդամների մի մասը գերեվարվել է, մի մասը` սպանվել: Այս ամենին գումարվեց վերջապես արգենտինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, թեեւ` նաեւ հավելելով, որ իր կարծիքով՝ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի: 

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգն, իհարկե, միշտ էլ եղել է: Ու քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնախնդիրը, այդ վտանգը դամոկլյան սրի նման շարունակում է կախված մնալ օդում: Սակայն այլ հարց է, թե ով եւ ինչպես է փորձում օգտագործել պատերազմի վտանգի սպառնալիքը: Մանավանդ որ այսօր պատերազմի վտանգի մասին ավելի շատ խոսվում է, քան դրա իրական վտանգը գոյություն ունի:

 Գերտերություններն ու պատերազմը

Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության գնդակոծումը «տարօրինակ» համընկավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի` ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների մասին հայտարարություններին: Ղարաբաղի խնդրի լուծման Ուորլիքի հրապարակած 6 կետերը, ըստ էության, կրկնում էին բանակցային սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքները: Միակ նորույթը, թերեւս Ուորլիքի պնդումներն էին, որ «Ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»: Դրանից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նախ` ԼՂ շուրջ գտնվող անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված տարածքները որակեց «գրավյալ», այնուհետեւ` որոշակի պարբերականությամբ սկսեց հայտարարել, թե`  «ԼՂ համար կարեւոր է, որ 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին»: Մյուս կողմից՝ ռուս պաշտոնյաները վերջերս պարբերաբար ակնարկում են Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին: Զարմանալի զուգադիպությամբ, այդ «երգչախմբին» միացավ նաեւ Հայաստանից իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` Բաքվում ունեցած հանրահայտ ելույթով: Իսկ իրականում, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, ռուսական կողմն Ադրբեջանին ԵՏՄ տանելու ուղղությամբ ակտիվ քայլեր է անում` գայթակղելով Ղարաբաղի հետ կապված խոստումներով: Եվ ահա այս իրավիճակում սահմանին լարվածությունը նոր թափ է ստանում:

Ակնհայտ է, որ ԼՂ խնդիրը մինչեւ հիմա չի լուծվել եւ դժվար թե լուծվի հիմնականում այն պատճառով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ մասնավորապես ՌԴ-ն ու ԱՄՆ-ն իրար մեջ չեն կարող համաձայնության գալ, թե ո՞վ է վերահսկելու Արցախի շուրջ անվտանգության գոտի հանդիսացող տարածքները: Ու պատերազմի վերսկսման վտանգը, որ դրսեւորվում է սահմանին գնդակոծություններով, ներքին կարգով այդ գնդակոծությունները «քաջալերելով», լավագույն առիթն է` գերտերություններին արագ ձեռնամուխ լինել խաղաղարար ուժեր տեղակայելու գործին:

Պատերազմի վտանգն`իշխանություն պահելու ճանապարհ

Պատերազմի վերսկսման վտանգն իհարկե փորձում են օգտագործել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, բայց` ներքին լսարանի համար: Հատկապես Ալիեւի ռազմական հռետորաբանությունը, կարելի է ասել, մեծամասամբ հասցեագրված է ներքին լսարանին, քանի որ այն ո՛չ հայկական կողմի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից երբեւէ լուրջ ուշադրության չի արժանացել: Պատահական չէ, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ռազմաճակատի գծից  հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկատվությունը  այնպիսի ջանադրությամբ է տարածվում, կարծես` դա նորություն է, եւ մինչ այդ երբեք էլ կրակոցներ չեն եղել: Իսկ նպատակը մեկն է` այդպես սեփական երկրի քաղաքացիներին պահել մշտական վախի մեջ ու ընդվզման ցանկացած փորձից առաջ միանգամից համոզել, թե «խելոք մնացեք, թե չէ հակառակորդը կհարձակվի»: Սա հայտնի մեթոդ է ու հատուկ է բռնապետական ռեժիմներին. պատերազմի մասին անդադար խոսում են բռնապետական երկրների ղեկավարները, ովքեր կա՛մ արտաքին, կա՛մ ներքին թշնամիների որոնման մեջ են:

Հ.Գ. Ի դեպ, այս մասին բավականին լավ է նկարագրված Ջորջ Օրուելի հայտնի «1984» վեպում. գիրք, որը խորհրդային տարիներին համարվում էր արգելված գրականություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս