ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից եւ իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ»:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Իսկ մենք չգիտեինք, որ սպորտի նախարարն անձեռնմխելի անձ է եւ արգելված է նրա «թանին թթու ասելը»: Մի կողմ թողնենք այն,  որ քննադատողը Ռուբեն Հայրապետյանն է, ում խոսքից այդքան վրդովվել են նախարարությունում: Բայց մի՞թե ՀՖՖ նախագահն իրավունք չունի իր կարծիքը հայտնել: Եթե այսօր ցանկացած քաղաքացի, ֆեյսբուքյան օգտատեր ազատ կարողանում է  մտքին եկածն  ասել, ապա մի՞թե նույն իրավունքները չունեն նաեւ պաշտոն ունեցող մարդիկ, հատկապես մարզական ֆեդերացիաների նախագահները, ովքեր իրենց գործից ելնելով կարող են եւ գնահատական տալ  նախարարության աշխատանքին:

 

«Դա հայտարարություն չի եղել… Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է՝ իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, նա էլ պատասխանում է՝ Հայաստանի ժողովուրդը մտահոգված է… Եվ դա առաջին դեպքը չէ…»:

Խոսրով Հարությունյան «Հրապարակ»

ՀՀԿ-ական պատգամավորն իր կուսակցությանը  բնորոշ մարտավարություն կիրառելով՝ փորձում է լղոզել իրականությունը, սակայն կարծես շփոթվում է եւ լեզվի սայթաքումներ թույլ տալիս: Նախ ասում է, որ Սերժ Սարգսյանի՝ արգենտինական լրատվամիջոցին տված հարցազրույցում արտահայտած դժգոհությունը ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ հայտարարություն չէ, հետո էլ միամիտ «խոստովանում», որ սա առաջին նման դեպքը չէ: Այսինքն՝  Սերժ Սարգսյանը միշտ էլ դժգոհ է եղել այդ գործարքներից, սակայն իր դժգոհությունը բացահայտ արտահայտելու փոխարեն առանձին հարցազրույցների միջոցով մեսիջներ է հղում:

 

«Մեր պատմության մեջ, երբ ռուս-թուրքական շահերը համընկել են, դա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ողբերգական հետեւանքներ է ունեցել…Եվ քանի դեռ այս վիճակն է, մենք պետք է շարունակենք կորուստներ ունենալ»:

Րաֆֆի Հովհաննիսյան «Առավոտ»

Իր արեւմտամետությամբ միշտ աչքի ընկնող «Ժառանգության» առաջնորդն արդեն անցնում է անընդունելի քարոզչական հնարքների, փորձելով  սահմանում մեր զոհերի հանգամանքը օգտագործել`   իր հակառուսական քարոզչությունն առաջ տանելու նպատակով, ինչը չի կարող արդարացված լինել անգամ քաղաքականության մեջ: Եթե, օրինակ, Հայաստանը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի երազանքի, լիներ ոչ թե Ռուսաստանի, այլ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի «ճորտը», ինչ է, Ադրբեջանը չէ՞ր խախտելու հրադադարը,  զոհեր չէի՞ն լինելու: Իսկ իշխանության քաղաքականությունից բողոքողը ժամանակին շանս ուներ իշխանությունը փոխելու, սակայն նա գերադասեց աղոթելը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս