Հատկապես վերջին մի քանի տարիներին ակնհայտ դարձավ, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բավականին խոցելի վիճակում է: Եթե նախկինում ԱԱԾ-ի հետ կապված տարատեսակ խոսակցություններ էին պտտվում, մասնավորապես, որ այդ կառույցը զբաղված է ապօրինի գաղտնալսումներով եւ ինչ-ինչ այլ «մութ գործերով», ապա հիմա արդեն շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունն առհասարակ որեւէ բանով զբաղված չէ, եւ Գորիկ Հակոբյանի` թոշակի տարիքը լրանալուց հետո, ամբողջությամբ հայտնվել է ծերունական խրոնիկ մառազմի մեջ:
Ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքի երկրորդ հոդվածը սահմանում է, որ «Ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են եւ իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը»: Այսինքն, ըստ օրենքի՝ այս կառույցը ստեղծված է հասարակության եւ պետության անվտանգության ապահովման համար: Մինչդեռ մեր իրականությունում, հատկապես վերջին շրջանում, եզակի չեն դեպքերը, երբ ԱԱԾ-ն չի կարողանում կամ չի ցանկանում կատարել իր վրա օրենքով դրված պարտավորությունները, ի վիճակի չէ անգամ լուծել այն խնդիրները, որոնք, իրականում, պետք է վաղուց կանխած լիներ:
Միայն օրերս Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած իրադարձությունները փաստում են այդ մասին: Նշենք, որ հուլիսի 11-ին Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ադրբեջանցու արձակած կրակոցներից հայոց բանակի սպա, 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը մահացել էր, իսկ 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը ստացել ծանր մարմնական վնասվածք: Թե ինչպես էր դիվերսանտին հաջողվել մուտք գործել ՀՀ տարածք, ինչպե՞ս էր նա (կամ նրանք, ի վերջո, դիվերսանտների իրական թիվը հայտնի չէ) կարողացել հասնել Քարվաճառ-Վարդենիս տանող ավտոճանապարհ, պարզ չէ: Փոխարենը միանգամայն պարզ է, որ եթե ՀՀ ԱԱԾ-ն իր տեղում լիներ, նման բան պարզապես տեղի չէր ունենա: Այդ դեպքում անհնար կլիներ, որ դիվերսանտներն առհասարակ կարողանային մուտք գործել ՀՀ տարածք, էլ չասած` իրենց սեփական մեքենաներով Վարդենիսի գյուղերով շրջելու, բնակիչների հետ զրուցելու եւ միայն դրանից հետո հայ դիրքապահների կողմից բացահայտվելու մասին: Թե ինչով էր զբաղված մեր «փառապանծ» ԱԱԾ-ն, եւ ինչպես էր նման խայտառակ անգործություն ցուցաբերել` այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ»-ը չկարողացավ ստանալ ԱԱԾ-ից:
Մինչդեռ վերը նշված օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է. «Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական ուղղություններով. ա) հետախուզական գործունեություն, բ) հակահետախուզական գործունեություն, գ) ռազմական հակահետախուզական գործունեություն, դ) պետական սահմանի պահպանություն, ե) պայքար հանցագործությունների դեմ»: Սաֆարովի արտահանձնումից, Աստանայում Ալիեւի հայտնի նամակի ընթերցումից հետո Վարդենիսում տեղի ունեցածը հերթական անգամ եկավ փաստելու, որ այս կառույցը պարզապես մատնված է անգործության:
Իհարկե` ոչ այն դեպքերում, երբ խոսք է գնում ընդդիմությանը հետեւելու, գաղտնալսելու, կամ ինչու ոչ` «վերբովկա» անելու մասին: Այդ «գործառույթներում» մեր «փառապանծ » ԱԱԾ-ն բարձունքի վրա է: Դա փաստող վերջին թարմ օրինակը «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու` ԱԱԾ աշխատակցի փորձն էր, որը Հրայր Մանուկյանը ձայնագրել եւ հանրայնացրել էր:
«2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքներով»,-հայտարարել էր Հ. Մանուկյանը:
Նկատենք, որ սա վերջին շրջանի միակ խայտառակ միջադեպը չէ: ԱԱԾ-ն մշտապես հայտնվում է նման սկանդալային պատմությունների կիզակետում ու այնպիսի տպավորություն է, որ այդ կառույցը ղեկավար չունի, այնտեղ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում ու արդեն ամեն նման ձախողումից հետո հասարակության մոտ կարծիք է ստեղծվում, որ ԱԱԾ-ն ռուսական կայսրության ժանդարմիայի մասնաճյուղն է, իսկ ընդդիմության հետ կապված հարցերում էլ` այն հանդես է գալիս միջնադարյան ինկվիզիցիայի «դերում»:
Ի դեպ, այս կառույցում, փաստորեն, «հին ու բարի« խորհրդային ավանդույթները սրբորեն պահպանվում են, այդ թվում եւ` կոլեկտիվ «դանոսների» ավանդույթը, որը դրսեւորվեց այս տարվա փետրվարին, երբ մի խում ԱԱԾ աշխատակիցներ նման մի դանոս- հաղորդագրություն տարածեցին` ընդդեմ….իրենց նախկին ղեկավարի, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի` հայտարարելով, որ նա, ոչ ավել, ոչ պակաս, տեւական ժամանակ իրենց ղեկավարել է…. անսթափ վիճակում: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Հ.Գ. Երեկ տեղեկություն տարածվեց, որ 17 տարի շարունակ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Արմեն Վաղինակի Դարբինյանը երեք տարի առաջ թոշակի անցնելուց հետո ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն եւ այդ պահից Ռուսաստանից թոշակ է ստանում: Հիշեցնենք, որ հայրենի ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը եւս պաշտոնաթողությունից հետո աշխատանքի է անցել դարձյալ Ռուսաստանում` որպես «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենի խորհրդական: Իսկ թե ինչ խորհուրդներ է տալիս ՀՀ պետական գաղտնիքներին հինգ մատի պես տիրապետող ԱԱԾ նախկին ղեկավարը` միայն Աստված ու, երեւի, մեկ էլ ՌԴ «ՖՍԲ»-ի ղեկավար Ա. Բորտնիկովը գիտեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ