2000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԳՐԻՉՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուները  հավաստիացնում են, որ ընդունելության քննություններն  ընթանում են բնականոն հունով,  իրականում դա այդքան էլ այդպես չէ: Այդ  մասին է խոսում նաեւ օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում հայտնված 2 հազար դոլար արժողությամբ «կախարդական» գրիչը, որի միջոցով հնարավոր է ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները:

Նշենք, որ այսօր ամփոփվելու են այս տարվա ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները: Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստին հայտարարել էր, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարակվեն հուլիսի 15-ին, եւ զուգահեռաբար պետք է կատարվի նաեւ թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

Իսկ մինչ այդ նկատենք, որ հայ ուսանողների երեւակայությունը երբեք չի սպառվում: Մեր «հնարամիտ» ուսանողներն ամեն քայլի գնում են, որպեսզի հեշտությամբ կարողանան ցանկալի գնահատականներ ստանալ:

Այսօր համացանցում առանց բարդության  կարելի է գտնել հայտարարություններ, որոնցում նշված է. «Քննությունների լավագույն օգնականը՝ ականջակալ, որը փոքր է բրնձի հատիկից: Անլար ականջակալ(նաուշնիկ) 2մմ՝ 15000 դրամ, հարմար է քննությունների համար, որն արժե     5000 դրամ/oր: Տրվում է նաեւ օրավարձով:  Ականջակալն անզեն աչքով անհնար է տեսնել: Փաթեթը ներառում է 1 մալուխ՝  3.5 մմ բնիկ ունեցող, 1 մագնիս` ականջակալը հանելու համար»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց այս սարքերը վաճառողների հետ, որոնցից տեղեկացավ, որ նմանատիպ սարքեր ներմուծվում են ոչ միայն Չինաստանից, այլեւ ԱՄՆ-ից: Ըստ վաճառողների` դրանցից հիմնականում օգտվում են Երեւանի պետական համալսարանի ուսանողները:

«Ես ունեմ երեք հատ անլար ականջակալ եւ օրավարձով դրանք տալիս եմ ուսանողներին: Դրա արդյունավետությունը 50/50 է: Եթե ուսանողը չբռնվի, դա օգնում է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց անլար ականջակալ վաճառող երիտասարդը, ում անունը նրա խնդրանքով  չենք հրապարակում:

Մեր մյուս զրուցակիցը` եւս երիտասարդ, ով, ըստ ամենայնի, ոչ վաղ անցյալում ինքն էլ ուսանող է եղել,  դրանց վաճառքով է զբաղված. «Սրանք վաղուց է, ինչ Հայաստան են մտել, բայց նոր է սկսել տարածվել: Որակի առումով այդքան էլ լավը չեն: Իսկ ընդունելության քննություններին մասնակցող դիմորդներն այս սարքերից չեն օգտվում, քանի որ այդքան վստահելի չեն: Ռիսկի չեն գնում դիմորդները:  Միայն ընթացիկ քննություններին են ուսանողները դրանցից օգտվում»:

Ինչեւէ, վերադառնանք «Ժողովուրդ»-ի խմբագրությունում հայտնված «կախարդական» գրչին, որի հետ կապված զրուցեցինք ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արայիկ Իսպիրյանի հետ: «Սրանից երկու տարի առաջ՝ 2012-ին, նման խոսակցութուններ տարածվեցին. թե իբր գրիչ է հայտնվել դիմորդի ձեռքին, որը կարողանում է քննության տեստերի պատասխանները տալ: Բայց դրանք ասեկոսեների մակարդակով էին: Հետո լսեցինք, որ ԱԱԾ-ն էր դրանով զբաղվում: Բայց մեզ այդ մասին տեղյակ չպահեցին ու այդ խոսակցություններն էլ կարճ ժամանակ անց դադարեցին: Բայց որեւէ մեկը, որպես ապացույց, այդ «գրիչով» չեկավ, որ ցույց տար` մենք էլ  համոզվեինք դրանում: Իսկ նախորդ տարի նման դեպքեր չեն գրանցվել, այս տարի՝ նույնպես»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Իսպիրյանը:

Իսկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հարցը լսելուց հետո շտապեց տեղեկացնել, որ ինքը բացասական է վերաբերվում նման երեւույթներին: «Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ցանկացած տեխնիկական միջոցի օգտագործմամբ գնահատական ստանալը շատ վտանգավոր է եւ ճիշտ չէ: Իրականում այն կարող է խեղաթյուրել ատեստավորման, գիտելիքի ներկայացման ամբողջ գաղափարը»,- նկատեց ռեկտորը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քննությունները  ոչ միայն ուսանողների գիտելիքների ստուգման համար են, այլեւ մարդկանց տրամաբանության: «Ամոթ չէ, որ մարդը որեւէ բան չի հիշում, ամոթ է, եթե մարդը նորմալ չի տրամաբանում: Եվ ցանկացած քննություն առաջին հերթին ստուգում է, թե մարդն ինչպես է մտածում: Այս տեսակետից, ցավոք, ընդունելության քննությունները, որպեսզի ավելի վստահություն ներշնչեն հասարակության համար, անում են տեստային համակարգերով, որն ունի այս պրոբլեմները: Պատասխանը ստուգելիս չես մտնում երեխայի տրամաբանության մեջ, չես խորանում`  ինքը  գիտի, թե ուղղակի թելադրված են դրաց պատասխանները, կամ  այլ միջոցով են ստացված»,- մտահոգվեց Թոքմաջյանը:

Ռեկտորի համոզմամբ, սակայն,  այս վտանգը միշտ էլ եղել է: «Ես միշտ բանավոր քննությունների կողմնակից եմ եղել, սակայն այստեղ էլ կոռուպցիոն ռիսկերի վտանգ կա: Չնայած այստեղ արդեն բացառվում է, որ դիմորդը կարող է ինչ-որ մի տեղից արտագրել: Եթե նա կարողանում է բացատրել, հասկանալ, դա լիովին բավարար է, որպեսզի նա կարողանա դրական գնահատական ստանալ: Ցավոք, տեստային համակարգն այդ հնարավորությունը չի տալիս»,-նշեց Թոքմաջյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ լեզվի պետական տեսչության պետ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ, ով հարցը լսելով` խուսափեց պատասխանել. «Կոռեկտ չէ դրա հետ կապված մեկնաբանություն տալ: Դա կրիմինալ է: Պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Դա իմ մեկնաբանելու խնդիրը չէ»:

«Կախարդական» գրչի  հետ կապված` իրավապահ մարմիններին դիմելու խորհուրդ տվեց նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 ՍՅՈՒՆԷՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս