Փորձելով հետ չմնալ կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` «Օրինաց երկիր»-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեծ շուքով նշեց կուսակցության 15-ամյակը: Այդ ընթացքում Արթուր Բաղդասարյանը հրապարակեց նաեւ կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին 15 համարները: Բայց ուշագրավն այն է, որ ՕԵԿ-ի նախկին ու ներկա շատ թիմակիցներ հիշում են, որ կուսակցությունը հիմնադրվել է հունիսի 20-ին: Այսինքն` ՕԵԿ-ն իր ծնունդն այս անգամ մի քանի ամիս շուտ է արել (ինչը լավ նշան չէ), քանի որ մայիսի 6-ին ընտրություններ են սպասվում: Բնականաբար, ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքեց «Ժողովուրդ»-ի լուրը` ասելով. «Մեր նախկին կուսակցականները թող ավելի ուշադիր եւ անաչառ լինեն իրենց մոտեցումներում: Նախկին կուսակցականները կարող են սխալվել, իսկ կուսակցության հիմնադիրը` երբեք: ՕԵԿ-ը հիմնադրվել է 1997-ի մարտի 20-ին, որն ամրագրվել է փաստաթղթում եւ հաստատվել համագումարում»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ 15 տարի առաջ ՕԵԿ-ը հիմնադիր համագումարն արել է հունիսի 20-ին, որի ժամանակ տպագրվել է կուսակցության պաշտոնաթերթի առաջին համարը: Ի դեպ, ՕԵԿ կայքում կուսակցության ծննդյան ամսաթվի մասին ոչինչ չկա: Նշված է միայն տարեթիվը:
ԱՐԺԵ՞Ր ՊԱՐԵԼ ԾՆՈՒՆԴԻՑ ԱՌԱՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ