Ի տարբերություն ԲՀԿ համագումարի` ՕԵԿ-ի ծննդյան արարողությանը ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով. «ՕԵԿ-ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյական է»: Ս. Սարգսյանի` բարոյականության մասին պատկերացումների այս օրինակն ավելորդ անգամ ցույց տվեց, որ քաղաքական հանդուրժողականությունից եւ անհատապաշտ առաջնորդներին մերժելուց խոսող քաղաքական ուժի ղեկավարի համար բարոյական են բացառապես այն ուժերն ու անձինք, որոնք հավատարմության երդում են տալիս անձնապես իրեն` այդ ընթացքում խախտելով բարոյականության բոլոր չափորոշիչները: Հայաստանի քաղաքական դաշտում պարզ, մարդկային բարոյականության առկայության մասին դատողություններ անելու լավ առիթ էր նաեւ Վիկտոր Դալլաքյանի` երեկ տարածած հայտարարությունը, որով վերջինս փորձում էր հակադարձել իր հանրապետականացումը դատապարտողներին: «…Աննախադեպ օրենսդրական գործունեություն ծավալած, 81 օրենքների հեղինակ պատգամավորը` որպես շարքային քաղաքացի, իրավունք ունի՞ որոշելու իր քաղաքական գործունեությունը շարունակելու եղանակը»,-հարցնում է երբեմնի անկախ պատգամավորը եւ ինքն էլ պատասխանում. «Միայն մարգագետիններում արածող կովերը կարող են նման հարց տալ»: Զարմանալի է, որ Դալլաքյանը չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել, որ իր այդ քայլը հենց այն պատճառով է դատապարտվում, որ նա ոչ թե շարքային քաղաքացի է, այլ իր իսկ բնորոշմամբ` «աննախադեպ օրենսդրական գործունեության ծավալած պատգամավոր», որը հանրության առջեւ պատասխանատու է իր հնչեցրած գնահատականների համար: Թեեւ, ի պատիվ իրեն, Դալլաքյանը նշում է. «17 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում Հայաստանի բոլոր նախագահներին հրապարակայնորեն ներկայացրել եմ իմ տեսակետները… շատ դեպքերում քննադատել պետության ղեկավարներին… մեկ անգամ եւս կրկնում եմ, որ իմ տված այդ եւ որոշ իրադարձությունների վերաբերյալ արտահայտած գնահատականները սրբագրումների ենթակա չեն»: Հաշվի առնելով, որ խոսքը հիմնականում Ս. Սարգսյանի հասցեին Դալլաքյանի հնչեցրած գնահատականների մասին է, ստացվում է, որ պատգամավորը եւս մեկ անգամ շեշտում է, որ իր կարծիքն այդ հարցում չի փոխել ու շարունակում է ՀՀԿ ղեկավարին խաղամոլ համարել: Սա, ինչ խոսք, բավականին խիզախ կեցվածք է` շատ ավելի բարձր Ս. Սարգսյանի բնութագրած ՕԵԿ-ական բարոյականությունից: Այլ խնդիր է, որ այդ դեպքում առաջանում է հակառակ հարցը. եթե Վիկտոր Դալլաքյանի գնահատականները Սերժ Սարգսյանի մասին սրբագրման ենթակա չեն, ապա այդ դեպքում նա ինչո՞ւ է անդամագրվել Սարգսյանի ղեկավարած կուսակցությանը:
Հարկ է նշել, որ Դալլաքյանը ՀՀԿ ցուցակում հայտնված ամենեւին էլ միակ գործիչը չէ, ով տարիներ շարունակ Ս. Սարգսյանին հանցագործ ու խաղամոլ էր անվանում: Սակայն այդ գործիչներից ոչ մեկը մինչ օրս չի հայտարարել, որ սխալվել է: Եւ հիմա հարց է առաջանում` ով է ավելի հեռու բարոյականությունից` այդ գործիչնե՞րը, թե՞ նրանց այդքանից հետո իր գիրկն ընդունած քաղաքական ուժի ղեկավարը:
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԲԱՐՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ