Ուկրաինայի իշխանությունները երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում են և վստահ են, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Նա ընդգծեց, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիրը ներկայացված էր երկրի նախագահի երդմնակալության ելույթում:
«Դա առաջին հերթին երկրի արևելքում իրավիճակի կայունացումն է, ռազմական գործողությունների դադարեցումը, զինյալների կողմից զենքի վայր դնելը: Իսկ ծանր հանցագործությունների հետ առնչություններ չունեցողների նկատմամբ համաներում կկիրառվի», -ասաց դեսպանը` հավելելով, որ այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է իշխանության ապակենտրոնացում և տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ:
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն իրավիճակի կայունացման համար կարևորում է նաև խորհրդարանական ընտրությունները: Նա կտրականապես հերքեց այն դրույթը, որ Ուկրաինայի ռուս բնակչությանը ճնշում են: Կուխտան ընդգծեց, որ այս պնդումը հենց Ռուսաստանում են հորինել:
Որպես ազգային համերաշխության օրինակ՝ դեսպանը սեփական ընտանիքը ներկայացրեց. «Ես ուկրաինացի եմ, կինս՝ ռուս, մենք մեր երեխաներին չենք կիսում: Կիևում շատերն են խոսում ռուսերենով»,- հայտարարեց դեսպանը: