ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրել: Նրա խոսքերով` դա իր որոշումն է եւ որեւէ կապ չունի կուսակցության հետ:
-Տիկի՛ն Պետրոսյան, վերջին ժամանակահատվածում Դուք քաղաքական դաշտում չկաք, ի՞նչն է խնդիրը:
-Ինչի ես Ձեզ վրա քամելեոնի տպավորությո՞ւն եմ թողնում: Չէ՛, նման բան չկա:
-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք, լինելո՞ւ եք ՀՅԴ համամասնական ցուցակում:
-Այսպես ասած` ես Հայաստանը կերտողներից մեկն եմ, ես չեմ կարող ՀՅԴ-ի կողքին չլինել: Ճիշտն ասած, ինձ այլեւս չէր հետաքրքրում ԱԺ-ն, ինձ ինչ հետաքրքրում էր` որպես գրող, ես տեսա: Ես ասել եմ ու կասեմ, որ ես իմ սերնդին համարում եմ իրավիճակային գործիչներ, այսինքն` քաղաքականությունը ինքը մտավ մեր կյանք, մենք չվազեցինք քաղաքականության հետեւից, ինչպես այսօր: Հիմա տեսնում եք, ով ելում է տեղից, մտածում է, որ դա ինչ-որ խաղ ու պար է: Ո՛չ, ես չեմ առաջադրվում, ես շատ շնորհակալ եմ իմ կուսակցությունից, ես առաջին կինն էի, որ առաջադրվեցի 99 թվականին ցուցակի 5-րդ տեղում եւ մնացած անգամներն էլ առաջին հնգյակում էի: Բայց ես չեմ հոգնում կրկնելուց, որ ես այն մարդկանցից եմ, որ նախընտրում եմ մեկ ժամ շուտ գնալ, քան մեկ րոպե ուշացումով:
-Այսինքն` քաղաքական դաշտից հեռանո՞ւմ եք:
-Քաղաքականությամբ չեմ կարող չզբաղվել, նախ` ակտիվ մարդ եմ, գրող եմ, աչքերս էլ տեսել են, իսկ եթե տեսել են` չեմ կարող… ես նայում եմ եւ տեսնում եմ եւ չեմ կարող չմտածել: Բայց կարծում եմ, որ չպետք է ԱԺ-ում մնայի:
-Հնարավո՞ր է` կուսակցության հետ տարաձայնություններ ունեք, եւ դա է պատճառը, որ նման որոշում եք կայացրել:
-Չէ՛, ի՞նչ եք ասում, իսկապես նման խնդիր չկա, կուսակցության հետ խնդիր ունենալը բացառում եմ, ես ընտրությունների ժամանակ իմ ընկերների կողքին եմ լինելու եւ իրենց եմ պաշտպանելու:
-Այսինքն` Դուք եք որոշել ԱԺ ընտրություններին չմասնակցել, այլ ոչ թե կուսակցությունն է որոշել, որ Դուք չառաջադրվեք:
-Գիտեք ինչ, ո՛չ էն, ո՛չ էն: Ճիշտն ասած, այս տարի առողջությունս շատ լավ չէր, իսկապես ոտքիս հետ կապված խնդիր ունեմ:
-Ձեզ դու՞ր է գալիս այսօրվա խորհրդարանը:
-Չեմ կարող գոհ լինել, որովհետեւ օրենսդիրը բարձրագույն մարմին է, եւ այնտեղի առնվազն 60 տոկոսը պետք է տառաճանաչ լինի:
-Ձեր գնահատմամբ` ԱԺ ներկա պատգամավորները տառաճանա՞չ չեն:
-Այո՛, չէի ասի, որ էնտեղ մտքից պայթում ա:
-Իսկ ծանո՞թ եք կուսակցությունների առաջադրած համամասնական ցուցակներին, տեղյա՞կ եք, թե ովքեր են մեր ապագա օրենսդիրները:
-Էսօր եմ նայել:
-Ձեր եղբոր աղջիկը` երգչուհի Շուշան Պետրոսյանը, ՀՀԿ-ի համամասնական ցուցակում է եւ ցանկանում է պատգամավոր դառնալ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նրա տեղն ԱԺ-ում է:
-Գիտեք ինչ, ես չեմ կարող իր փոխարեն դատողություններ անել, բայց ինքը տառաճանաչներից է: Կարող եք չընդունել իրեն, չհավանել բնավորությունը, բայց ինքը գրագետ է, եւ դա ոչ ոք չի կարող հերքել: Դա իր որոշումն է, եւ նոր է սկսվում իր գործունեությունը, ես ոչ մի բան չեմ կարող ասել: Գիտե՞ք` ինձ համար ինչն է անընդունելի. ինձ դուր չի գալիս «Ժառանգության» անդամ Կարինե Հակոբյանի վերաբերմունքը, երբ հայտարարեց, որ դուրս է գալիս եւ քննադատեց իր հարազատ կուսակցությանը: Նման բանն ինձ համար անընդունելի է:
-Վերադառնանք Շուշան Պետրոսյանի` ՀՀԿ-ին անդամագրմանը. արդյո՞ք դա այն կուսակցությունն էր, որի հետ կարելի էր ընտրապայքարի մեջ մտնել:
-Ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել:
-Հնարավո՞ր է, որ Դուք եք նրան խորհուրդ տվել անդամագրվել ՀՀԿ-ին:
-Երբեք: Ես նմանատիպ խորհուդ անգամ իմ տղային չեմ տվել:
-Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք Ձեր եղբոր դստեր հետ:
-Դա արդեն իմ նեղ ընտանեկան հարցն է:
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԱՌԱՃԱՆԱՉ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ