«ՄԵՐ ՄԻԱԿ ՌԵՍՈՒՐՍԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում:
-Պարո՛ն Միքայելյան, ինչո՞ւ եք որոշել կրկին առաջադրվել:
-Առաջադրվել եմ պայքարս շարունակելու համար: Ես չեմ համարում, որ անցած ընտրություններում մենք պարտվել ենք: Մեր պայքարը շարունակվում է:  Այս ընտրություններում էլ հերթական անգամ կապացուցենք, որ մենք երբեք չենք պարտվի:
-Իսկ որքա՞ն եք գնահատում Ձեր շանսերը՝ հաշվի առնելով, որ իշխանությունները կրկին պատրաստվում են Ձեր դեմ առաջադրել իրենց թեկնածուին:
-Անցած անգամ էլ առաջադրին, բայց արդյո՞ք կարողացան հաղթել: Եթե իշխանությունները կարողանում են իրենց անարդարություններով, իրենց ձեւավորած տեխնոլոգիաներով թվեր նկարել, դա չի նշանակում, որ ես էլ չպետք է պայքարեմ:
-Հրազդանի ընտրություններում Կոնգրեսի ողջ վերնախավը Ձեր վստահված անձինք էին, իշխանությունն էլ էր կենտրոնացրել իր ուժերը, անգամ Սերժ Սարգսյանն էր այդ օրը եկել Ծաղկաձոր՝ հետեւելու իրավիճակին: Հիմա Կոնգրեսն իր ուժերը չի միավորելու մեկ տեղ, այլ ցրված է: Նույնը նաեւ իշխանության դեպքում: Արդյունքում՝ Ձեր շանսերը մեծացե՞լ են, թե՞ նվազել:
-Իմ շանսերը միշտ էլ մեծ են եղել: Հրազդանի ընտրություններում Կոնգրեսից 27 տեղամասում հիմնականում եղել են վստահված անձինք: Բայց ընտրությունները մենք տարել ենք մեր տեղական ուժերով՝ վստահելով ժողովրդին: Այնպես որ, Հրազդանի ընտրություններում Կոնգրեսն իր ողջ ռեսուրսները չի օգտագործել: Մինչդեռ իշխանությունները կենտրոնացրել էին իրենց իշխանական-վարչական ռեսուրսներն ամբողջությամբ: Բայց էլի չկարողացան փաստացի հաղթել: Այս անգամ՝ համապետական ընտրություններին, նրանց ռեսուրսը ցրված է լինելու, եւ իշխանությունները չեն կարողանա բոլոր ուժերը կրկին կենտրոնացնել Հրազդանում:
-Իսկ փողայի՞ն ռեսուրսը: Նրանք կարծես փողի պակաս չունեն:
-Դե իրենք ուրիշ ռեսուրս չունեն: Միայն փող, քաղաքացիների կեղծ գրանցումներ, ինչպես նաեւ իրենց մշակած ընտրակեղծարարության տեխնոլոգիաները: Բայց այս անգամ չեն կարող չդնել դրոշմակնիքները, ինչը կնվազեցնի կրկնակի քվեարկության նրանց առավելությունը:
-Իսկ Կոնգրեսի շանսերը որքա՞ն եք գնահատում:
-Կոնգրեսն իր հստակ ձայներն ունի՝ ի տարբերություն որոշ այլ կուսակցությունների:
-Այսինքն՝ ՀԱԿ-ը մեծամասնություն կազմելու հույս ունի:
-Ընտրությունները եթե նորմալ ընթանան, Կոնգրեսը բավական մեծ ձայն կստանա: Մնում է միայն` արդար ընտրություններ լինեն:
-Իշխանությունները խոստանում են արդար ընտրություններ անցկացնել: Դուք հավատո՞ւմ եք դրան:
-Ո՞նց կարող եմ դրան հավատալ: Եթե հավատայի, ինչո՞ւ պետք է պայքարեի: Կգնայի, իմ գործերով կզբաղվեի, այլ ոչ թե քաղաքականությամբ: Պետք է գիտակցեն գոնե մի անգամ նորմալ ընտրություններ անցկացնելու կարեւորությունը: Ես միշտ ասել եմ՝ մենք նավթ ու հանքահումքային այլ ռեսուրսներ չունենք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի: Մեր միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է, եւ պետք է այդ ռեսուրսը կիրառենք, այլապես, ցավոք սրտի, մենք կգնանք դեպի ետ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս