ԱՉՔԻՆ Է ԵՐԵՎՈՒՄ
Երեկ ՀՀ ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Չար եք, նենգ եք, անարդարացի եք, այնուամենայնիվ, մարդ եք: Ես սիրում եմ մարդկանց: Ես չեմ սիրում նրանց արատները»: Այդ հայտարարությանն ԱԺ փոխնախագահ Շարմազանովը նախագահությունից արձագանքել է. «Դե, «Ժառանգության» վերջին ելույթներն են», ինչին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հակադարձել է. «Յա՜, աչքիդ ա երեւում»:
ԴԵՄԿՈՒՍԻ ՑՈՒՑԱԿԸ
Aravot.am-ի տեղեկացմամբ` ՀԴԿ ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը, 2-րդ հորիզոնականում է ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ցուցակում ընդգրկված է նաեւ Ասորիների ֆեդերացիայի նախագահ Ելենա Գասպարյանը, «Հարավկովկասյան երկաթգծեր»-ից Ռոբերտ Եփրեմյանը, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը:
ՊԱՐՈՂՆԵՐՆ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ
«Պատկերացնո՞ւմ եք, որ չոր-չոր միայն քաղաքական գործիչներ ներկայացնենք: Ի՞նչ վատ է, ասենք, երգիչներ, թեկուզ թող պարողներ էլ լինեն,-անդրադառնալով ՀՀԿ ցուցակի կազմին` ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ով ոչ մի վատ բան չի տեսնում գործարար կնոջը հարվածած Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ՀՀԿ ցուցակում ընդգրկելու մեջ:-Եթե մենք փորձենք ամեն մի թեթեւ ընդհարումից մարդկանց հանել կուսակցությունից, ապա կարող է կուսակցությունում մնամ մենակ ես»: Ձեռքերին ազատություն տալու սիրահար մեկ այլ ՀՀԿ-ականի` Գագիկ Բեգլարյանի մասով էլ ՀՀԿ փոխնախագահը նշել է. «Նա իր պատիժը ստացել է հրաժարականի տեսքով եւ ամեն անգամ նույն բանի համար պետք չէ նախատել կամ պատժել, այժմ Բեգլարյանը մեր թիմում է եւ աշխատելու է մեզ հետ»:
ՆՈՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐ
Մարտի 20-ին առաջադրված պատգամավորության թեկնածուների մեծ մասն ընդդիմության ներկայացուցիչներ են: Թիվ 4-ում առաջադրվել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Հետախույզների միավորում» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը: Նրանք մրցելու են Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի դեմ: Թիվ 8-ում առաջադրվել է ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Թիվ 9-ում առաջադրվել է «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբիկ Հակոբյանը, այս տարածքում առաջադրվելու է նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Թիվ 10-ում առաջադրվել է Սարիբեկ Սուքիասյանը, ում եղբորը` Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը ոստիկանությունը չեղյալ է հայտարարել: Թիվ 12-ում առաջադրվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Թիվ 14-ում առաջադրվել է ՀԱԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը: Թիվ 15 (Թալին) ընտրատարածքում առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Մկրտիչ Սափեյանը: Թիվ 21 ընտրատարածքում (Արմավիր) առաջադրվել է անհատ ձեռներեց Գեւորգ Ասատրյանը: Թիվ 22-ում առաջադրվել են կոմունիստ Վանիկ Հարությունյանն ու դաշնակցական Արտաշես Նիկոյանը, թիվ 23-ում` Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, թիվ 24-ում` անկուսակցական Սպարտակ Ջիվանյանը, թիվ 26-ում` Խաչիկ Ավետիսյանը: Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում առաջադրվել է Մանկավարժական համալսարանի դասախոս Վարազդատ Վարդազարյանը, թիվ 38-ում պատգամավոր Վահե Հակոբյանի դեմ առաջադրվել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը, իսկ թիվ 39-ում` Ավետիկ Ավետիսյանը: aravot. am-ի տեղեկացմամբ` թիվ 38 ընտրատարածքում մտադիր է առաջադրվել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: