ԹԱՄԱՄՅԱՆԻՆ` 4, ՄՅՈՒՍՆԵՐԻՆ` 2 ՏԱՀՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության մյուս 2 աշխատակիցների գործով դատավարությունը ռեմիքս տարբերակով մոտենում է ավարտին. ամբաստանյալները միանգամից ընդունեցին մեղքը, միջնորդեցին` անցնել արագ դատաքննության, եւ երեկ` մարտի 20-ին, մեղադրող Հարություն Հարությունյանը միանգամից հրապարակեց մեղադրական ճառը: Նա դատարանին միջնորդեց Հովհաննես Թամամյանին ազատազրկել 4 տարի ժամկետով, իսկ մյուս երկու ամբաստանյալներին` ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանին եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին` 2-ական տարի ժամկետով, որը, սակայն, վերջին երկուսի դեպքում պետք է պայմանականորեն չկիրառվի:  
Դատավարության նման ընթացքը եւ նման պատժաչափերով միջնորդությունը սպասելի էր նախ այն պատճառով, որ ամբաստանյալները կռահում էին` եթե որոշել են իրենց դատել, ուրեմն կդատեն: Այդ ենթադրությունն ամրապնդվեց հատկապես այն ժամանակ, երբ մինչ Թամամյանի գործով դատաքննության մեկնարկը, այս գործի հիմքում եղած մյուս երկու քրեական գործերը հասցվեցին ավարտին` առաջին ատյանում դատավճիռ կայացվեց: Հիշեցնենք, որ խոսքը Խաչիկ Մկրտչյանի սպանության մասին է, որը կատարվել էր Արաբկիր համայնքում, եւ այդ գործով Վռամ Բաղդասարյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, իսկ 2-րդը Գավառում կատարված սպանության փորձն էր, որով Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրները եւ նրանց ընկերը դատապարտվեցին ազատազրկման երկար ժամկետներով` Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ իրականացնելու համար: Ըստ նախաքննական մարմնի` Թամամյանն այդ ամբաստանյալներին էր փորձել զերծ պահել քրեական պատասխանատվությունից:
Եւ ահա Թամամյանի գործով ամբաստանյալների համար առաջ էր գալիս 2-րդ կարեւոր հարցը. եթե անվիճելիորեն ընդունեն մեղադրանքը, քանի՞ տարի կդատեն: Թամամյանը ինչ-որ տեղ հարմարվել էր հնարավոր պատժաչափի հետ, սակայն Արմեն Պողոսյանը մտավախություն ուներ. դա էր պատճառը, որ մինչ մեղադրանքն ընդունելը, նա որոշեց կրկին օգտվել փորձառու փաստաբան Հայկ Ալումյանի ծառայություններից, ով նրա պաշտպանն էր եղել նախաքննության փուլում եւ թերթերից մեկի հետ վերջերս ունեցած զրույցում նշել էր, որ Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ շինծու. «Անհեթեթ, անտրամաբանական, հորինված մեղադրանք է: Այստեղ մեղադրանքի մասին խոսք լինել չի կարող. ինչ-որ նախադասությունների մի կույտ է, որի մեջ ո՛չ տրամաբանություն է նկատվում, ո՛չ ողջամտություն»: Եւ եթե դատարանում այս հարցը փաստերով վիճարկվեր, անկախ մեղադրանքի անհիմն լինելուց` դրանից ո՛չ Արմեն Պողոսյանն էր շահելու (գոնե այս պահին, մինչեւ Եվրադատարան հասնելը), ո՛չ էլ նախաքննական մարմինն ու իշխանությունը: Չի բացառվում, որ այս հանգամանքները հաշվի առնելով էլ կողմերը եկել են համաձայնության` դատաքննությունն անել առանց երկարացնելու: Ա. Պողոսյանն էլ կրկին փոշմանել ու հրաժարվել էր Հայկ Ալումյանի իրավական օգնությունից: Ու հետեւանքը եղավ այն, որ 2 տարի պայմանական ուզեցին: Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը ժամանակ խնդրեց դատարանից` պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին:
Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ  դահլիճում գտնվողներին կոչ արեց զինվել համբերությամբ: Թե ինչ կլինի հաջորդ նիստին, կիմանանք ուրբաթ օրը:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է քր.օր-ի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով` անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական դիրքի չարաշահման համար, որն էական վնաս է հասցրել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին եւ (2-րդ մասով)  անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետեւանքների: Իսկ Արմեն Պողոսյանին եւ Վահան Խանզադյանին մեղադրանք է առաջադրված միայն 308 հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս