ՇՌՆԴԱԼԻՑ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի ամենասիրելի մարդկանցից մեկին` Ալրաղացի Լյովիկին «քարտ բլանշ» են տվել, իսկ ՀՀԿ համագումարում էլ հայտարարվեց, որ սկիզբ է առել «փոխվելու» գործընթացը, սկսեցինք մտածել, որ Լեւոն Սարգսյանի շռնդալից կենսագրությունն արդեն մոտենում է ավարտին, որ ինչպես նա, այնպես էլ մյուս օլիգարխիկները շուտով կհեռանան «պատմության թատերաբեմից»: Բայց երբ տեսանք ՀՀԿ համամասնական ցուցակը, որտեղ նաեւ գեներալ Մանվելն է զբաղեցրել անցողիկ տեղ, հասկացանք, որ ոչ թե համակարգն է փոխվում, այլ պարզապես Ալրաղացի Լյովիկի դեմ նախագահն ու նրա շրջապատն ատամ ունեն: Լեւոն Սարգսյանին անգամ չփրկեց այն, որ որդու անունը Սերժ դրեց, ինչպես ժամանակին վարվում էին սովետական միամիտ քաղաքացիները` իրենց զավակներին կնքելով կոմկուսի առաջնորդների անուններով ու ազգանուններով:
Շատերը պնդում են, թե Սարգսյան Լեւոնի եւ իշխանությունների հակամարտությունների հիմքում Թամամյան Հովհաննեսի հետ կապված պատմությունն է, սակայն այլ աղբյուրներ էլ հաստատում են, թե ակնբախ են ֆինանսական-տնտեսական շահերը, որոնք էլ առիթ են դարձել, որպեսզի Ալրաղացի Լյովիկը հեռացվի իշխանական շրջապատից եւ ապրի այն նույն զգացումները, որոնք ապրեց Նապոլեոնը` ուղարկվելով իր կղզին: Դե, Լյովիկն էլ, փառք Աստծո, կղզու նման մի բան ունի Սեւանի ափին ու շատ հաճախ է այնտեղ լինում` «փիքր անելով աշխարհի փիս բաների մասին»:
Իր կենսագրության առաջին շրջանով Սարգսյան Լեւոնը տարբերվում է թե՛ փողատեր դարձած շատ ու շատ պատգամավորներից ու գործարարներից, թե՛ նախագահին շրջապատող մյուս դեմքերից: Երեւանցի է նա, մեծացել է մի ընտանիքում, ուր շատ վաղուց արդեն հոգ էին տանում սեփական ֆինանսական ռեսուրսների մասին, քանի որ Սարգսյան Լեւոնի հայրն էլ բավական ազդեցություններ ուներ, փող ուներ ու համարվում էր Սովետական Հայաստանի ճանաչված ցեխավիկներից մեկը: Դե, քանի որ ընտանիքը ֆինանսապես ապահովված էր, ուրեմն տղան պիտի ավարտեր ժամանակին «պրեստիժնի» համարվող ժողինստիտուտը: Բայց տղան միանգամից չհայտնվեց ինստիտուտում, այլ անցավ աշխատանքային հարուստ կենսագրության ճանապարհով: 16 տարեկանում աշխատանքի անցավ «Աշխատանք» կամավոր մարզական ընկերությունում որպես բանվոր, հետո էլ քայլելով հոր ոտնահետքերով` աշխատանքի անցավ N 4 հացի գործարանում: Զինվորական ծառայությունից էլ խույս չտվեց, իսկ զորացրվելուց հետո էլ աշխատանքի անցավ «Սիրիուս» գործարանում: Բայց 1990-ից արդեն կողմնորոշվեց ու դարձավ Երեւանի ալրաղացի պահեստապետ, հետո էլ` փոխտնօրեն:
 Երկրի համար «անտերության» տարիներ էին, ուրեմն կարելի էր շատ հանգիստ մտածել սեփական բիզնեսի մասին, աստիճանաբար ընթանալ հարստացման ճանապարհով: Ընդամենը 1 տարի լինելով «Բջնի» ԲԲԸ գործադիր տնօրեն` 1996-ին Սարգսյան Լեւոնը վերադարձավ Երեւանի ալրաղաց, դարձավ իրացման բաժնի պետ, հետո էլ` «Երեւանի ալրաղաց» ՓԲԸ նախագահ: 1999-ին N 4 ընտրատարածքից ընտրվեց պատգամավոր, սերտ կապեր հաստատելով Կարեն Կարապետյանի հետ` դարձավ «Կայունություն» խմբի անդամ, ապա համալրեց «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի շարքերը: Դե, ժողովրդի համար անվերջ մտածող սկսնակ օլիգարխը պիտի իր ընտրողներին հասկացներ, որ ինքն իսկապես ժողովրդական պատգամավոր է, երկրի բախտով մտահոգված մարդ…
 2003թ. Ալրաղացի Լյովիկը խորհրդարան եկավ N 6 ընտրատարածքից, 2007-ին էլ` N 5-ից: Թե 13 տարվա ընթացքում ինչ օրինաստեղծ գործունեություն է ծավալել Սարգսյան Լեւոնը, ոչ ոք չգիտի: Չգիտի, որովհետեւ նրա համար խորհրդարանը ոչ թե օրենքներ գրելու վայր է, այլ հարմար «տանիք»` սեփական բիզնեսներն ապահովագրելու համար: Հենց պատգամավորությունն էլ հնարավորություն տվեց նրան մերձենալու իշխանական բուրգին, նախկին ու ներկա նախագահների հետ սեղան նստել, բուրժուական «կայֆեր» անել, անընդհատ մեծացնել բիզնեսների ցանցը, նաեւ լինել անպատժելի: Առաջիններից մեկը հենց Ալրաղացի Լյովիկը սկսեց ման գալ սեփական սափրագլուխների ուղեկցությամբ, որոնցից ամեն մեկը կարող էր հանգիստ ու անվրդով մարդ ծեծել, հարձակվել այն մեքենատերերի վրա, որոնք «սխալմամբ» հայտնվում էին Լյովիկի մեքենայի դիմաց կամ կողքին, «սամասուդ» անել այն գործարարներին, որոնք կամենում էին տեղ հաստատել արեւի տակ… Սարգսյան Լեւոնը դարձավ ամենաքրեականացված պատգամավորներից մեկը, ով իր տեսակով ու գործունեությամբ «համահունչ» է քրեաօլիգարխիկ համակարգին, նրա «փիլիսոփայությանը»:
Ալրաղացի Լյովիկի արեւը սկսեց խավարել այն բանից հետո, երբ բացահայտվեցին Թամամի հետ կապված պատմությունները: Սա վկայությունն էր այն բանի, որ տարիներ շարունակ հենց Լյովիկն էր ուղղորդել բազմաթիվ քրեական գործերի ընթացքը, որոշել շատերի ճակատագրերը, իրեն հպատակեցրել իրավական համակարգի շատ օղակներ: Իսկ ընտրությունների ժամանակ էլ իշխանությունները միշտ հենվել են նրա վրա, որովհետեւ ծեծուջարդերով, բռնարարքներով նա ապահովել է հարազատ Հանրապետականի հաջողությունները:
Հիմա Ալրաղացի Լյովիկն ընդհատակում է հայտնվել: Ըստ որոշ տեղեկությունների` վաճառել է մի քանի հարյուր միլիոն դոլար արժեցող իր ունեցվածքի մի զգալի մասը, տարածքներ ու օբյեկտներ ձեռք բերել Սոչիում` ակնկալելով նոր հաջողություններ օլիմպիադայի ժամանակ: Հիմա Լյովիկը զբաղված է «Ախթամար» ռեստորանային համալիրի վաճառքի գործով, քանի որ իշխանական վերնախավից նրան հասկացրել են, որ կան շահագրգռված մարդիկ, որոնք հենց այս համալիրին են ուզում տեր կանգնել: Որքան էլ անցանկալի է կորցնել «Ախթամար»-ը, այնուհանդերձ, Սարգսյան Լեւոնը պիտի համաձայնի, այլապես նրան «դեմ կտան» բազմահատոր քրեական պատմություններ… Բայց նրա համար առավել մեծ ողբերգությունն այն է, որ այլեւս ազատորեն չի մասնակցում իշխանական կերուխումներին, նախագահի արքայազորի հետ չի հայտնվում տարբեր խրախճանքների սեղանի մոտ, իրեն չեն կանչում նախագահական՝ խաշերի ու խորովածների, որոնք անց են կացվում բոլորի աչքից հեռու վայրերում, ասենք` «Ավշարի գինու գործարան»-ի տարածքում, ուր երբեմն նախագահի հետ լինում էր նաեւ Ալրաղացի Լյովիկը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս