ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ «ԱՊԵՐ»-ՈՎ Է ԴԻՄՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է Սերժ Սարգսյանի  «Հավատանք, որ փոխենք» կարգախոսից հետո «օրինակ» ծառայել հայ հասարակության համար: Նախարարն այս անգամ էլ ծաղրում է ՀԱԿ-ին՝ մասնավորապես իր պատին տեղադրելով «Նարինջ» սովետական հայտնի մուլտֆիլմից մի հատված, որտեղ անտառային կենդանիները հավաքվել եւ փորձում են իրար մեջ կիսել նարինջը: Աշոտյանը  գրում է. գաղտնազերծված տեսանյութ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի նախապատրաստական աշխատանքների մասին:
Այս գրառման տակ, իհարկե, ոգեւորված աշխատել է ՀՀԿ ակտիվը: Մեկնաբանություններից մեկում օգտատեր Վիգեն Հակոբյանը նկատում է. «Բոլորն էլ նույն օրի են», իսկ Անահիտ Սարգսյանն էլ հակադարձում է նախարարին եւ գրում. «ՀՀԿ-ն լավ կլինի իր ցուցակի մասին անհանգստանա… թե չէ Գեղամյաններով, Հայրիկյաններով, արծիվ Խաչիկներով ու Շուշաններով հեռու չեք գնա…)))»: Արայիկ Ավագյանն էլ իր հերթին ծաղրում է Աշոտյանի գրառումը եւ գրում. «Կեղեւն է այս անգամ ձեր հանրապետականներին ու բարգավաճականներին հասնելու, Արմե՛ն ջան: Էս անգամ ընտրությունները մաքուր են լինելու, ու հաղթելու է ժողովուրդը, ռեժիմը թող հույսը կտրի»: Առհասարակ նախարարի ֆեյսբուքյան պատը ուսումնասիրելիս կարելի է տեսնել ՀՀԿ-ի ու նախարարի համար ոչ ցանկալի գրառումներ, օրինակ` Հովակիմ Զաքարյանը, տեղադրելով «Հայաստանում գիտությունը` պարապ վախտի խաղալիք, գիտնականներն էլ` «քյասիբ ու անճար»» վերնագրով հոդվածը (http://ankakh.com/2012/03/185912/), հարց է ուղղում նախարարին. «Հարգելի՛ Արմեն Աշոտյան, ասում եք հավատանք, որ փոխե՞նք: Բայց շատ երիտասարդ գիտնականներ հենց դա էլ անում են, դեռ հավատում են, իսկ աշխատավարձերը ոնց 2 կոպեկ էին, տենց էլ մնում են. ինչո՞ւ երիտասարդ գիտնականը, գիտությունների թեկնածուն պետք է ստանա 47.000 դրամ…»:  
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր պատին ծաղրում է նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, ում հասցեին մասնավորապես գրում է. «Որպես վերջին 2 խորհրդարաններում աշխատած մարդ` կարող եմ խոստովանել, որ ամեն մի գումարում իր Ստյոպիկն ունի Ճ»: Այս գրառման տակ տեսնում ենք այսպիսի մեկնաբանություններ. լրագրող Արտակ Եղիազարյանը գրում է. «Արմե՛ն, նախարար մարդ ես, բա քեզ սազե՞ց», իսկ հենց ինքը` Ստյոպա Սաֆարյանն էլ արձագանքում է. «Ու միշտ գլխացավանք են եղել Ձեր համար, ըստ որում, երկար ժամանակ: ՃՃՃ Ոչինչ, որ դուք էլ սկսեք հավատալ այդ ճակատագրի անխուսափելիությանը, դուք էլ կփոխվեք»: Պատասխանելով Ստյոպա Սաֆարյանի` ՀՀԿ մեծամասնականով իրեն առաջադրելու մասին հումորին` Աշոտյանը գրում է. «Ապե՛ր, մենք քեզ սատարելու ենք Միչիգանի ընտրատարածքում: ՃՃՃ»: Իսկ օգտատեր Հրաչ Հակոբյանն էլ, դիմելով մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է. «Ախպե՛ր, դուք ես ի՞նչ խառն եք»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս