«ԱԼԵՆ-ԷԼԵՆ»-Ը ՊԱՅԹԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 20-ի գիշերը` ժամը 01:05-ին, Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել, որի հետեւանքով 7 անձ հայտնվել է հիվանդանոցում: Երեկ ոստիկանությունը ձերբակալել է խուլիգանության համահեղինակին: Մեր տեղեկություններով` երիտասարդը խնդիրներ է ունեցել դիսկո-ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, եւ դա է եղել պատճառը, որ նման քայլի է գնացել:
Տեղեկացանք, որ բժշկական կենտրոններ են տեղափոխվել դիսկո-ակումբի երկրորդ հարկում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած Իրանի 7 քաղաքացիներ` տարբեր աստիճանի այրվածքներով ու սուր շնչառական խնդիրներով: Պարզեցինք, որ դիսկոյի տարածքում այրվել է չորս սենյակ` գույքով, եւ միջանցքը` մոտ 200 քմ: Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 32-ամյա Ալիռեզա Մինային եւ 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը:
25-ամյա Նատիսե Քոնզադին, 32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը, 31-ամյա Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին ու 4-ամյա Ֆաթիմա Թայլիները եւ Հայաստանի քաղաքացի 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են եւ տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)` տեղափոխվել են  «Արմենիա» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններ: Երեկոյան «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջիններս արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Միայն իրանցիներին օգնություն ցուցաբերած Վահե Միրաքյանն է այս պահին գտնվում բժիշկների հսկողության տակ:
Պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01:30-ի սահմաններում իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը: Մեր տեղեկություններով` Վարդանը գնացել է ակումբ` ընկերուհուն տեսնելու, սակայն ակումբի անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել ներս մտնել: Նա էլ «կատաղած» հեռացել է ակումբից, այնուհետեւ որոշ ժամանակ անց վերադարձել: Սակայն անվտանգության աշխատակիցները կրկին չեն թույլատրել ներս մտնել ակումբ: Վարդանն էլ իր մոտից հանել է նռնակն ու նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 1983թ. ծնված Վարդան Դեմիրճյանը, վերջինս ձերբակալված է: Նրա մոտ հայտնաբերվել է նաեւ գաղտնի փականով նռնակ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս