Երեւան քաղաքի Մ.Սարյան փողոցի թիվ 2, 4 եւ 6 շենքերի բնակիչները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Կենտրոն վարչական տարածքի ղեկավար Ա. Սադոյանին, որպեսզի շտապ լուծում տան իրենց հուզող հիմնախնդրին:
Սարյան փ. 4 եւ 6 շենքերի դիմաց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն է, հարեւանությամբ` Հովհ. Թումանյանինը: Սարյան փ. 2 եւ 4 շենքերի բնակիչները հիմնականում 20-ական թվականներից տեղի նախկին բնակիչներ են: «Շենքի ինքնարժեքը մեծացել է, առաջացել են շինարարական աշխատանքների իրագործման բարդույթներ: Շենքը կառուցված է ժայռաբեկորների վրա, տակից հոսում են սեփական տներից դրենաժային ջրերը, ինչպես եւ գրունտային ջրեր, մայթի տակ հոսող առու է»,-ասվում է նամակում:
Բնակիչները նամակում նաեւ անդրադարձել են 12.03.2003թ. N 479-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի անօրինականությանը եւ քաղաքապետարանի կողմից թույլ տրված խախտումներին` Սարյան փ. 2 եւ 4 շենքերի բակում կառուցապատման համար ճարտարապետա-հատակագծային առաջադրանք (ՃՀԱ) տրամադրելու նախագծի համաձայնեցման գործընթացում: «Օգոստոսին պատահական դուռը բաց էր, որի ընթացքում պարզվեց, որ 3-4մ խորությամբ ներսից հսկայական փոս է փորված` 50քմ տարածքով: Մեր պահանջին` ցույց տալ թույլտվությունը, եւ հարցին, թե ինչ է կառուցում ոմն Դավիթ Հարությունյանը, նա հրաժարվեց տալ որեւէ փաստաթուղթ եւ չգիտեր, թե ինչ է կառուցվում»,-գրված է նամակում:
Լրագրողներին դիմելուց մի քանի օր անց` 17.08.2011թ. Դ. Հարությունյանը բնակիչներին ցույց է տվել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թույլտվությունը: Բնակիչները նամակում ասում են, որ արդեն գոյություն ունեցող անօրինական կառույցի տարածքը կրկնապատկել են հետնամասի մնացած կանաչ տարածքի խաղողի վազերի, ծառերի հաշվին, հենապատ կառուցելու շիրմայի տակ հսկայական` 3-4մ խորության փոս են փորել, փոխել են շենքի կոմունիկացիաների ուղղությունը, իսկ ջրի խողովակները բաց վիճակում մայթեզրին են, որոնք կարող են յուրաքանչյուր պահի վնասվել:
«Ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրում բնակիչներիս, չեն պարզաբանում` ինչ հիմքերով են զավթել կից հողատարածքը: Անօրինական շինաշխատանքներ են կատարում` վտանգելով հարակից շենքերի գոյությունը: Կառուցապատմանը կից կանաչապատ տարածքում` կանաչ թփերի վրա, ավազ ու հող են լցրել` հոխորտալով, որ մեզ լավություն են անում: Հսկա ծառը, որի բունը փորել են, շուտով շուռ կգա մարդկանց ու մեքենաների վրա»,-զգուշացնում են բնակիչները: Իսկ նամակի վերջում ասվում է. «Խնդրում ենք Ձեր հսկողության տակ վերցնել Սարյան 2 եւ 4 շենքերին հարակից այգում կառուցված շինության եւ շարունակվող ապօրինի շինարարության ընթացքը, հանձնարարել քաղաքապետին ընդունել մեր` բնակիչներիս կողմից լիազորված անձանց, տրամադրել բոլոր փաստաթղթերը: Հավատով սպասում ենք Ձեր արձագանքին` չկասկածելով, որ մեր երեխաների այգին, մեր բակը կրկին կվերադարձնեք մեզ»:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ