ԷՔՍՔԼՅՈՒԶԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտին հաշված օրեր են մնացել: Այն կայանալու է մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին:
«Ժողովուրդ»-ն Արթուր Աբրահամից հետաքրքրվեց, թե մարզումների որ փուլում է, եւ նրա մարզիչը` Ուլի Վեգները, ինչպես է գնահատում իր սանի մարզավիճակը: Աբրահամն իր հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով մեզ տեղեկացրեց, որ արդեն 2,5 ամիս է` լրջորեն նախապատրաստվում է գալիք մենամարտին:
«Օրնիբուն մարզվում եմ Բեռլինից 100 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում քաղաքում: Արդեն անցել եմ սփարինգների (մրցակցիս ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ են հրավիրվել Գերմանիա` մարտեր անցկացնելու): Շաբաթական 4 սփարինգ-մենամարտ եմ անցկացնում, դրանից բացի` ամենօրյա տեւական մարզումներ, որոնց մեջ մտնում է նաեւ 3 րոպե կիսամերկ մնալ -115 աստիճան (ըստ Ֆարենհայտի) ցրտի պայմաններում` մարզիկների համար նախատեսված, մկանները թուլացնող եւ իմունիտետը բարձրացնող սառնարանում: Նշեմ, որ մարզիչս` Ուլի Վեգները, գոհ է իմ մարզավիճակից: Ազատ ժամանակ ես եւ նա դիտում ենք մրցակցիս մարտերի տեսագրությունները, որպեսզի նրա սխալներն օգտագործենք մենամարտի իմ մարտավարությունը մշակելիս: Հուսամ` մարտի 31-ին ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախանշել եմ` կհաղթեմ»,-նշել է Արթուր Աբրահամը:




Լրահոս