Ռուսաստանում ստեղծագործող հայազգի կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան եղանակով» ֆիլմը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Տորոնտոյի կինոփառատոնին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Էդրիան Բրոուդին և Հայդեն Քրիստենսը: Անցած տարի Կանադայում արդեն ցուցադրել են Սարիկ Անդրեասյանի առաջին անգլալեզու ֆիլմի դրվագները: Այս տարի Տորոնտոն կրկին բացում է դռները դեպի կինոարտադրություն և ավանդույթի համաձայն, «գուշակում» ապագա օսկարակիրների անունները:
Կրիմինալ ողբերգության սյուժեն պատմում է երկու եղբայրների մասին, որոնք արդեն իսկ հանցավոր անցյալ ունեն: Եղբայրներից կրտսերը փորձում է ազնիվ կյանք վարել, սական նրա մտադրությունները խափանում է ավագ եղբայրը: Տաս տարի ճաղերի ետևում անցկացնելուց հետո, նա եղբորը համոզում է իրենց ֆինանսական խնդիրները լուծող «վերջին» կողոպուտը կատարել:
Տորոնտոյի կինոփառատոնն անվանում են «փառատոնների փառատոն»: Այստեղ ցուցադրվում են ֆիլմեր, որոնք արդեն աղմուկ են հանել այլ փառատոններում: Տորոնտոյում հիմնականում հավաքվում են կինոյի գնորդները: Տորոնտոյի փառատոնին մասնակցելու նպատակը ոչ թե մրցանակ ստանալն է, այլ ուշադրություն գրավելը: Պատահական չէ, որ այս փառատոնին բացակայում է պաշտոնական ժյուրին, և գլխավոր պարգևը՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակն է: