ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, թե իր համար զարմանալի է, որ նույն մարդիկ, ովքեր մինչ այդ հայտարարում էին, թե Հայաստանը չպետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը, հիմա էլ մտահոգվում են, թե ինչու չի ստորագրվում այն: Անկեղծ ասած` է՛լ ավելի զարմանալի է ՀՅԴ ղեկավարի նման հարցադրումը, քանզի միանգամայն բնական է Մարգարյանի ասած` «այդ մարդկանց» մտահոգությունը` անկախ վերջիններիս քաղաքական կողմնորոշումից:
Ի վերջո, եթե շուրջ տասն ամիս երկրի ղեկավարության կողմից ամենատարբեր հարթակներում հայտարարվում է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, ստորագրվում է այդ անդամակցության ճանապարհային քարտեզը, կատարվում է հսկայական փաստաթղթային աշխատանք` երկրի օրենսդրական բազան հարմարեցնելու համար անդամակցելիք կառույցի կանոնադրությանը, ընթանում են ինտենսիվ բանակցություններ` մաքսադրույքների սինխրոնիզացիայի ուղղությամբ, եւ, ի վերջո, երկրի նախագահի կողմից հայտարարվում է, որ Հայաստանի անդամակցության հարցն այլեւս լուծված-ավարտված է, եւ այդքանից հետո այդպես էլ այդ անդամակցությունը ոչ մի կերպ չի կայանում, ապա միանգամայն բնական է, որ մարդիկ մտահոգվում են:
Այս ձգձգվող անորոշությունը բացասական է անդրադառնում նաեւ երկրի ներդրումային դաշտի եւ տնտեսության վրա: Ինչպես երեկ նշել է ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Բոլորը սպասում են, որ պայմանագիրը, եթե կնքվում է` կնքվի, որ մենք, մեր բիզնես ծրագրերը մշակելիս, արդեն այդ նոր ռեժիմներից օգտվելու համապատասխան քայլեր անենք եւ շուկաներում մեր ակտիվությունը կողմնորոշենք` դեպի ուր ենք գնում»:
Է՛լ ավելի մտահոգիչ է քաղաքական անորոշությունն ու անընդհատ ձգձգվող սպասման վիճակը` հատկապես պատերազմի վերսկսման մասին աննախադեպ ակտիվացած կանխատեսումների, սահմանային միջադեպերի եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի շուրջ Ս. Սարգսյանի` առնվազն մի քանի տարվա ուշացումով հնչեցված մտահոգության ֆոնին:
Եվ ահա այս ամենը հաշվի առնելով` Հրանտ Մարգարյանի զարմանքը կամ հեգնանքն այնքան էլ տեղին չէ: Առավելեւս, որ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի ձախողման դեպքում` հենց դա է լինելու իշխանական քարոզչամեքենայի արդարացումը` ուղղված արեւմտամետներին` «էս չէ՞իք ուզում»: Իսկ Մարգարյանի նշած արդարացումը, թե անդամակցությունը չի կայանում, քանզի հայկական կողմը դիմադրում է` ելնելով մեր ազգային շահերից, ավելի շատ նման է ինքնասփոփանքի` թույլ տրված ճակատագրական սխալն արդարացնելու նպատակով:
ԷՍ ՉԷԻՆՔ ՈՒԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ