ԸՆՏԱՆՅՈՔ ՀԱՆԴԵՐՁ՝ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բարաք եւ Միշել Օբամաները Սպիտակ Տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նաեւ դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով, ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է: Ավելին՝ երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ հասցրել է իր հավատարմագրերի պատճենները հանձնել ԱՄՆ պետքարտուղարին, որի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել: Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ, ինչպես փոխանցում են դվանագիտական մեր աղբյուրները, որեւէ երկրի նախագահ՝ առավելեւս ԱՄՆ-ի պես գերտերության ղեկավարը, սովորաբար չի ընդունում երկու շաբաթ առաջ նշանակված դեսպանների: Այդ գործընթացը միջազգային պրակտիկայում կարող է տեւել ընդհուպ մինչեւ մեկ տարի: Իսկ թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի՝ նման սիրալիր վերաբերմունքը ՀՀ նախկին վարչապետի նկատմամբ, դեռ վաղ է ասել:

 
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը երեկ հայտարարել է, թե մինչեւ 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի եւ կհաստատի 2015թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Իսկ մաքսային այդ արտոնությունը վերաբերելու է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ներկրելու է ե՛ւ բենզին, ե՛ւ դիզվառելիք, ե՛ւ նավթային հանքանյութ: Իսայանը նաեւ ասել է, թե այլ ընկերությունների ոչ ոք չի արգելել նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել, բայց նրանցից արդեն մաքսատուրք կգանձվի: Այսպիսով, պաշտոնապես հայտարարվեց, որ 2013թ. կնքված գազային պայմանագրից հետո «Գազպրոմ»-ին ՀՀ Սահմանադրությունից վեր արտոնություններ են տրվել՝ մենաշնորհային դիրք տալով: Նման հայտարարությունները, թերեւս, այսուհետ պետք է ոչ թե արտասովոր համարել, այլ` Հայաստանի գաղութացման գործընթացի տրամաբանական շարունակություն:

 
Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, մեղմ ասած, տարօրինակ խառնաշփոթ է առաջացել ԱԺ-ում, որն ավելի խորացավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նշանակմամբ: Այսպիսով, մինչ ԱԺ նախագահն ու աշխատակազմի ղեկավարը մտածում են, թե որ լրագրողին թողնեն ԱԺ, ու ինչ հագուստով, ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անկազմակերպ ձեւով մեկնում են արտասահմանյան ուղեւորությունների ու խայտառակում մեզ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ, օրինակ, հուլիսի 7-ին Մեծ Բրիտանիայում գտնվող հայկական պատվիրակությունը ղեկավար չի ունեցել, քանի որ ԱԺ փոխխոսնակ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջին պահին հրաժարվել է մեկնել Լոնդոն: Ստիպված արդեն Լոնդոնում ինքնաբուխ կերպով որոշվել է պատվիրակության ղեկավար նշանակել Թեւան Պողոսյանին, քանի որ միայն նա է շատ լավ տիրապետել անգլերենին: Հիշեցնենք, որ այս պատվիրակության կազմում ընդգրկվելու համար պայքարում էր երիտհանրապետական Նաիրա Կարապետյանը, սակայն ապարդյուն: Նրան չտարան:

 
Արաքս գետի հունի փոփոխության մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է: Մասնագետները շարունակում են պնդել, որ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում Արաքսի ափերից այնքան ավազ է հանվում, որ գետի հունը փոխվում է՝ նեղացնելով առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաժանվում է Արաքս գետով, որտեղից հանված ավազի ամեն տոննան գետը թեքում է դեպի մեր կողմ: ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Վոլոդյա Համբարձումյանն՝ անդրադառնալով գետի հունի խախտման հետ կապված մտահոգություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց. «Տարիներ առաջ Արաքսը տեղաշարժվել է, բայց հանքավայրի պատճառով չի եղել: Թեեւ հանքավայրերն իրականում պետք է ափից հեռու գտնվեն: Իսկ ահա մեզ մոտ` բոլորն էլ ափն ապականում են: Նույնիսկ երկու տարի առաջ դեպքեր եղան Արաքսավանում, երբ հանքավայրերի աշխատակիցները հասել էին Թուրքիայի կողմ եւ ավազ էին հանել: Եվ թուրքական կողմը բողոքեց: Մինչդեռ պետք է գետի բնամասը չանցնեին»:




Լրահոս