ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԲԱՆ ՉԱՍԱ՞Ց
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս հայտարարել էր, թե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետաձգման պատճառների վերաբերյալ ինքը կխոսի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո: Սակայն, հանդիպումից հետո եւս շարունակվում է անորոշությունը, ինչն ակնհայտ է նաեւ կառավարության պաշտոնական հաղորդագրությունից. «Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում»,- ասված է այնտեղ` այդպես էլ չմանրամասնելով, թե ե՞րբ է տեղի ունենալու փաստաթղթի ստորագրումը: Իսկ Հ. Աբրահամյանը հավանաբար մոռացել է, որ հանդիպումից հետո ինքը պետք է հանրությանը իրազեկեր, թե ինչու են անընդհատ ձգձգվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ժամկետները: ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս հարցի շուրջ ասաց. «Իմ կարծիքով՝ հարցի լուծումը տնտեսական դաշտից տեղափոխվել է քաղաքական հարթություն, եւ հետաձգումը քաղաքական խնդիր է, որովհետեւ, եթե հարցը միայն տնտեսական լուծում ունենար, ապա լուծված կլիներ: Առավելեւս, երբ բազմիցս հայտարարվել է, թե Հայաստանի անդամակցության տեխնիկական կողմի հետ կապված խնդիրներ չկան»:

ՖՈՐՈՒՄՆ ԱՆՀԵՏԱՑԱՎ
ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Բարաք Օբամային: Մինչ ՀՀ նախկին վարչապետն ԱՄՆ-ում հանդիպումներ էր ունենում, այդ ընթացքում հայտարարվեց, թե «Ամերիկայի Հայկական ֆորում» անվանմամբ կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու դեմ: «Ժողովուրդ»-ը զրուցել էր նախաձեռնության մամլո խոսնակ Գեւորգ Արյանի հետ, ով նշել էր, որ շուրջ 3000 ստորագրություն են հավաքել: Սակայն երեկ «Ամերիկայի Հայկական ֆորում» կազմակերպության հեռախոսահամարին պատասխանեց մեկ այլ մարդ, ով ասաց, թե այդ հեռախոսահամարը ինքն օրերս է գնել ու տեղյակ չէ՝ ով է եղել դրա սեփականատերը: Թե որտեղ են անհետացել այդ նախաձեռնության անդամները, «Ժողովուրդ»-ն այդպես էլ չկարողացավ պարզել: Հավանաբար նրանց անհետացման վրա ազդել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջերմ խոսքերը` ուղղված Տիգրան Սարգսյանին, որով Օբաման վստահություն է հայտնել, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ՝ԺԱՄԸ 18:30-ին, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ հրավիրում է հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
ՄԻԱՍԻՆ ՈՉ ԱՍԵՆՔ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ, ՈՉ ԱՍԵՆՔ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ:




Լրահոս