ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԼՈՆԴՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 8-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ բրիտանական կողմի հրավերով հուլիսի 6-ին Լոնդոն կմեկնի ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում կլինեն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը եւ ՕԵԿ-ից՝ Լեւոն Դոխոլյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հայկական պատվիրակությունը պետք է ղեկավարեր Հերմինե Նաղդալյանը, սակայն վերջին պահին ԱԺ փոխխոսնակը փոշմանել է ու Լոնդոն չի մեկնել:

Տեղեկացրել էինք նաեւ, որ այդ այցը կրկին կռիվ էր գցել ՀՀԿ կանանց շրջանում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր ինքը Լոնդոն մեկնել: Առավելեւս, որ այդ այցի աշխատանքային գրաֆիկն այնքան էլ հագեցած չէր ու կարելի էր նաեւ վայելել Լոնդոնը: Նշել էինք, որ նախապես որոշված է եղել, որ պատվիրակության կազմում կլինի նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը, սակայն նրա անունը վերջին պահին ջնջել էին ցուցակից:
Ինչեւէ. երկար քննարկումներից հետո Լոնդոն մեկնած հայկական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատվիրակության անդամները վստահ են եղել, որ իրենց «ղեկավարելու» է Հ. Նաղդալյանը, սակայն վերջին պահին պարզել են, որ մեկնելու են առանց ղեկավարի, քանի որ Հ. Նաղդալյանը չի ցանկանում Լոնդոն մեկնել: Իսկ թե որն է եղել նրա` այցից հրաժարվելու պատճառը, պատվիրակության անդամների համար այդպես էլ անհասկանալի է մնացել: Արդեն Լոնդոնում որոշվել է, որ հայկական պատվիրակությունը կղեկավարի Թեւան Պողոսյանը, քանի որ նա լավ անգլերեն գիտի:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ԱԺ պատվիրակությունը Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի պատասխան հրավերով է եղել Լոնդոնում: «Պատվիրակությունը հանդիպեց Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլին, Լորդերի պալատում ՄԹ ԱԳՆ խոսնակ Լորդ Ուոլեսին, Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի, ԵԽԽՎ-ում ՄԹ պատվիրակության, ինչպես նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Այցի ընթացքում բրիտանական խորհրդարանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որը նախագահում էր մշակույթի, սպորտի եւ ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահ, պահպանողական պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը»,- նշված է հաղորդագրությունում:
Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այցը բավականին արդյունավետ էր. «Ասեմ, որ իսկապես շատ լավ հանդիպումներ էին, իսկապես կարիք կար նման հանդիպումների, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված տեղեկություն տրամադրվեր ու մի քիչ էլ հայամետ տրամադրություններ փոխանցվեցին: Ու ես կարծում եմ, որ մենք դա բավականին լավ կարողացանք անել»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս