ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ Հրազդանում, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումից հետո, խոսելով Քարվաճառում դիվերսիոն գործողությունների մասին, նշեց. «ԼՂՀ դատախազությունում արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ։ Ե՛ւ ձերբակալված, ե՛ւ կալանավորված անձինք արդեն առկա են: Ես համոզված եմ, որ Ղարաբաղի իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգ կիրականացնեն, իսկ քրեական գործը հարուցվել է հենց դիվերսիայի, սպանության եւ այլ համապատասխան հոդվածներով»: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ տարածել էր ԼՂՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ հարուցված քրեական գործի եւ այլ հանգամանքների վերաբերյալ:

ՕԵԿ-Ը ՄԵՆԱ՞Կ ԿՄՆԱ

ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու հուլիսի 18-ն Ազատության հրապարակում ՕԵԿ-ի հրավիրած համազգային հանրահավաքին: «Դեմ եմ» նախաձեռնությունը եւս վստահեցրել է, որ ՕԵԿ-ի հանրահավաքին իրենք մասնակցություն չեն ունենալու, քանի որ նրանք հասարակության կողմից վստահություն չեն վայելում: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ի հարցերին ի պատասխան, թե արդյոք մենակ չեն մնալու, ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն ասաց. «ՄԵնք մենակ չենք, մեզ հետ կլինեն բազմահազար ՀՀ քաղաքացիներ, մի քանի տասնյակ հկ-ներ իրենց սատարումն են հայտնել նաեւ մեր գործունեության հետ կապված, առանձին անհատներ, մտավորականներ եւ այլն։ Սա բաց հանրահավաք է, սա ՕԵԿ-ի մենաշնորհային հանրահավաքը չէ»:

ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԻ ՀԵՏ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ըստ ՀԱԿ հաղորդագրության՝ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն եւ անվտանգությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:




Լրահոս