ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԻՆԿՈՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Նախօրեին զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մեղադրանք է առաջադրվել Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Հայրապետյանին, Գորիսի զիմկոնիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանին, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիալոգիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշվածներից որոշ անձանց մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել զինկոմիսարիատներում հայտնաբերված զինակոչիկների հատուկ ցուցակները, որոնց դիմաց գրված են եղել գումարների չափերը:

ՀՈԳԵԲՈՒՅԺԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՊԵՏՔ ՉԷ՞
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հայտարարություն էր տարածել, որ մի շարք հոգեբուժական հիմնարկներում հոգեբույժները, սանիտարները չափազանց քիչ են, ինչը հանգեցնում է հիվանդների ոչ լիարժեք բուժման եւ խնամքի տրամադրման: Ըստ ՄԻՊ-ի` Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի, իսկ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրինությունը մշտապես բարձրաձայնել է, որ տուն-ինտերնատում հոգեբույժի խնդիր կա, սակայն քիչ աշխատավարձի, ինչպես նաեւ հեռավորության պատճառով որեւէ մեկը ցանկություն չի հայտնել տուն-ինտերնատում հոգեբույժ աշխատել:

ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՊԱՐԶՎԻ
«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ օրերս Արմավիրի բժշկական կենտրոնից ձմերուկի թունավորմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված եւ երկու օր անց` հուլիսի 2-ին մահացած 28-ամյա հղի Նարինե Շարոյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Նարինեի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին, իսկ բժիշկները հակադարձում են, որ կինը բազմաթիվ հիվանդություններ է ունեցել: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ԴԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Երեկ armlur.am-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 12-ին, Քարվաճառի շրջանում անհետ կորած Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է: Տղայի դին հայտնաբերվել է «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում: Ըստ տեղեկությունների` նրա վրա առկա են եղել դանակի բազմաթիվ հետքեր, պարանոցի շրջանում՝ դանակի հարվածների տեղեր: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել այն տարբերակը, որ Սմբատ Ցականյանի անհետանալը կարող է կապված լինել դիվերսանտների հետ: Նա իր խոսքում մասնավորապես նշել էր, որ դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբեր, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին եւ նաեւ մեր օրենքների համաձայն՝ հանցագործություն են կատարել:




Լրահոս