ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊՐՈՂ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ունի չորս տեղակալ, որոնք եւս, իրենց ղեկավարի նման, բավականին մեծ ունեցվածքի տեր են:

Նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան: Նրա կարողությունն այս պահին կազմում է 20 մլն դրամ եւ 30 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում` աշխատանքի վարձատրության շնորհիվ նա վաստակել է 2 մլն դրամից ավելի գումար:
ԱՆ տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն: Նրա դրամական միջոցները կազմում են 2 մլն դրամ եւ 18 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում տարբեր աշխատանքի վարձատրություններից նա վաստակել է 13 մլն դրամից ավելի գումար: ԱՆ մյուս տեղակալը` Արման Թաթոյանն, ունի LEXUS մակնիշի մարդատար ավտոմոբիլային միջոց: Նրա դրամական միջոցները կազմում են 15 մլն դրամ, 550 դոլար եւ 8500 եվրո: Մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 1 մլն 130 հազար դրամ:
Նախարարի վերջին տեղակալը Սուրեն Քրմոյանն է: Նա հայտարարագրել է երկու բնակարան եւ մեկ ավտոտնակ: Բացի դա` ունի նաեւ KIA մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Նա ունի 75 հազար դոլար, 3 մլն 500 հազար դրամ եւ 15,500 եվրո: Մեկ տարվա ընթացքում էլ նա վաստակել է 4 մլն 912 հազար դրամ: Ինչպես տեսնում ենք, Արդարադատության նախարարության ղեկավարությունը բավականին բարեկեցիկ է: Հուսանք՝ ոչ կոռուպցիոն գործարքների արդյունքում:




Լրահոս