ՀՀ Լոռու մարզի Անտառաշեն համայնքը մոտ երեք ամիս է, ինչ համայնքի ղեկավար չունի, քանզի նախկին ղեկավար Վլադիմիր Ասլանյանը մահացել է: Նշանակվել են արտահերթ ընտրություններ: Թեկնածուները երկուսն են, եւ երկուսն էլ ՀՀԿ-ական` Ռաֆիկ Խառատյանն ու Ռազմիկ Ղումաշյանը: «Ժողովուրդ»-ը առաջիկա ընտրությունների եւ համայնքի այլ խնդիրների շուրջ զրուցեց Ռազմիկ Ղումաշյանի հետ:
-Գյուղապետի ընտրություններում առաջի՞ն անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Առաջին անգամ եմ:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Դե, գյուղի համար մի լավ բան անենք, էլի: Ես տեսնում եմ, թե ինչ վիճակում է մեր գյուղը եւ ուզում եմ, որ մի քիչ լավանա:
-Ի՞նչ վիճակում է գյուղը:
-Դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, փոստ չունենք, ոչ մի բան չունենք: Իսկ բնակչության թիվն էլ կլինի մի 300:
-Այդ դեպքում գյուղի աշակերտները որտե՞ղ են հաճախում դպրոց:
-Խեղճերը ստիպված 2 կմ ու կես քայլում են եւ գնում են հարեւան Լերմոնտովո համայնքի դպրոց:
-Երեխաներին տեղափոխելու համար փոխադրամիջոց չկա՞:
-Ավտոբուս կա, ուղղակի մարզպետարանը պետք է հովանավորի դիզվառելիքի համար: Այն էլ չեն տալիս:
-Եթե բենզինի գումարը չեն տալիս, ապա երեխաներն ի՞նչ են անում:
-Ոտքով են գնում ու գալիս՝ մոտ 5 կմ: Ստիպված համայնքապետարանն իր բյուջեի հաշվին է բենզին տրամադրում:
-Գյուղի բնակիչներն աշխատատեղ ունե՞ն, թե՞ ոչ:
-Կով են կթում ու կաթն էլ վաճառում են: Դրանով են ապրում: Դրա համա էլ պետք է ավտոբուս տրամադրենք բնակիչներին, որպեսզի կարողանան կաթը տանել Վանաձոր ու այնտեղ վաճառել:
-Այդ ավտոբուսի բենզինի գումարն էլ է մարզպետարանը վճարո՞ւմ:
-Չէ, նման բան չկա: Համայնքապետարանի փոքրիկ բյուջեի հաշվին է:
-Իսկ Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ լարվածություն կա՞, թե՞ ոչ:
-Մի գյուղից ենք, իրար ճանաչում ենք, ոչ մի լարվածություն էլ չկա:
-Համոզելո՞ւ եք գյուղի բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Չէ, ինչու համոզեմ: Բոլորս էլ իրար ճանաչում ենք, կցանկանան՝ կընտրեն:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք. կանցնե՞ք այս ընտրություններին, թե՞ ոչ:
-Չգիտեմ: Չեմ կարող ասել:
-Դուք ինչքա՞ն ժամանակ է, որ ՀՀԿ-ական եք:
-Վաղուց է:
-Կուսակցությունն ընտրություններին օգնելո՞ւ է Ձեզ:
-Հավանաբար կօգնի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ