ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՍՍԻՆ ԵՎ ՄԱՍԿԵՐԱՆՈՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾ
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին եւ Խավիեր Մասկերանոն ԱԱ-2014-ից ստացված իրենց մրցանակային գումարներից 134 հազար դոլար են նվիրաբերել Բուենոս Այրեսի մանկական օնկոլոգիական կենտրոնին: Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները հուլիսի 14-ին վերադարձել են Արգենտինա, որտեղ հանդիպել են նախագահ Քրիստինա Քիրշների հետ: Երկրի ղեկավարի եւ երկրպագուների հետ հանդիպումից հետո Մեսսին եւ Մասկերանոն հայտարարել են պրոֆեսոր Խուան Գարրահանի անվան ազգային օնկոլոգիական կենտրոնին 134 հազար դոլար փոխանցելու մասին: Այդ գումարը նրանք հատկացրել են Մունդիալում հանդես գալու դիմաց ստացված իրենց պարգեւավճարներից: Հիշեցնենք, որ Բրազիլիայի աշխարհի առաջնությունում «բաց երկնագույնները» զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ զիջելով Գերմանիայի հավաքականին: Այդ արդյունքի համար Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ստացել է 25 մլն դոլար: Թե այդ գումարից որքանն է բաժին հասել ֆուտբոլիստներին՝ հայտնի չէ:

ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԱՐԶԻԿԸ
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի իշխանությունների հաշվարկով, հարձակվող Լեբրոն Ջեյմսի վերադարձը Բասկետբոլի ազգային գործակալության տեղական ակումբ քաղաքին տարեկան 500 մլն դոլարի շահույթ կբերի: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ միայն Քլիվլենդի խաղերին այցելուների աճի հաշվին քաղաքը հավելյալ կստանա 268 մլն դոլար: Եվս 230 միլիոնով քաղաքային բյուջեն կհամալրվի ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսի աշխուժացման շնորհիվ: Ջեյմսի պայմանագիրը Քլիվլենդի հետ կնքվել է երկու տարով, այդ պատճառով ընդհանուր շահույթը կկազմի 1 մլրդ դոլար: Ինքը՝ մարզիկը, այդ ընթացքում կաշխատի 42 մլն դոլար:

ԿԼՈԶԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն աշխարհի առաջնության ընթացքում դարձել է հերթական ռեկորդի հեղինակ: Նա Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն եւ մեդալ է նվաճել չորս աշխարհի առաջնություններում անընդմեջ։ Կլոզեն դարձել է պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հասնել նման արդյունքի։ Գերմանիայի հավաքականի հարձակվողին հաջողվել է դառնալ նաեւ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու (16 գոլ)։




Լրահոս