Ճարտարապետական հուշարձաններով եւ կոթողներով հարուստ մեր երկիրը հետզհետե կորցնում է մշակութային դիմագիծը: Հուշարձաններն ավերվում են, պղծվում, իսկ պատկան մարմիններն այնքան էլ մտահոգված չեն եղելությամբ: Ուշի գյուղում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին եւս դասվում է մշակութային մեծ արժեք ունեցող կիսավեր եկեղեցիների շարքին: Թեեւ զբոսաշրջային այցելությունների թվով վերջինս հետ չի մնում մյուս կոթողներից, սակայն դա, ցավոք, չի նպաստում, որ պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն հուշարձանի վիճակին եւ այն նորոգելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն:
Ուշի գյուղի Ն.Աղբալյանի անվան դպրոցի փոխտնօրեն Նաիրի Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ 2000-2003թթ. ընթացքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահեն Սրբազանը աջակցություն է ցուցաբերել եկեղեցու վերականգնողական աշխատանքներին, որին հետագայում միացել է նաեւ հնագետ Ֆրինա Բաբայանը: Նա մեծ նվիրումով` տեղաբնակների օգնությամբ, ձեռնամուխ է եղել հողի տակից քարերը հանելու եւ համարակալելու գործին:
Եկեղեցու դերն ու նշանակությունն ավելի մեծացավ, երբ հայտնաբերվեցին Մեսրոպ Մաշտոցի կողմից այստեղ բերված Ս. Սարգսի մասունքները: Յուրաքանչյուր տարի Սուրբ Զատկի եւ Սուրբ Սարգսի տոներին Աջի մեջ զմռսված մասունքները բերվում են եւ մատուցվում է պատարագ: Զբոսաշրջիկներին գրավում է թե՛ Ուշի գյուղի աշխարհագրական դիրքը, թե՛ բնակիչների հյուրընկալութունը, թե՛ գյուղում տիրող մթնոլորտը:
Մոտ երկու տարի առաջ գյուղում կայացած կոնֆերանսին, որին մասնակցում էին վաթսունից ավելի գիտաշխատողներ, պատմաբաններ, հնագետներ, այդ թվում` Ֆրինա Բաբայանը, քննարկվեց գյուղից եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման հարցը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ՀՀ նախագահի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Սակայն այդ հարցը եւս մինչ օրս չի լուծվել:
ՄԱՐԻՆԵ ՊԱՊՅԱՆ
Աշտարակ