Այն մասին, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավելի ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը, մասնագետները վաղուց են ահազանգում: Ընդ որում, նրանք նշում են, որ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելով` մեր՝ առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանզի գետը թեքվում է դեպի մեր կողմ եւ սահմանը ջրով է անցնում: (Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Թուրքիան սահմանազատված են Արաքս գետով): Մինչդեռ պատկան մարմինները շարունակում են լռել այս հարցի շուրջ: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը համաձայն է, որ գետի որոշ մասերում հատուկ շեղումներ կան, սակայն պնդում է, որ դա ավազի հանքավայրի պատճառով չէ:
ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Վոլոդյա Համբարձումյանն՝ անդրադառնալով գետի հունի խախտման հետ կապված մտահոգություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց. «Տարիներ առաջ Արաքսը տեղաշարժվել է, բայց հանքավայրի պատճառով չի եղել: Միայն հանքավայրերը իրականում պետք է ափից հեռու գտնվեն: Իսկ ահա մեզ մոտ` բոլորն էլ ափն ապականում են: Նույնիսկ երկու տարի առաջ դեպքեր եղան Արաքսավանում, երբ հանքավայրերի աշխատակիցները հասել էին Թուրքիայի կողմ եւ ավազ էին հանել: Եվ թուրքական կողմը բողոքեց: Մինչդեռ պետք է գետի բնամասը չանցնեին»:
Նրա խոսքով՝ Հայաստանում ավազի հանքավայրերը դեռ խորհրդային տարիներից կան, բայց այսօր դրանք ճիշտ չեն շահագործվում: «Դրենաժ չեն անում, իսկ դրա համար մեծ գումարներ են պետք: Արդյունքում Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի համայանքների հողատարածքների մեծ մասն արդեն ճահճացած են: Մարդիկ դրանք չեն կարող արդեն մշակել»,- ասաց փորձագետը: Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Արաքսի երկայնքով ստեղծված ավազի հանքավայրերը ճիշտ շահագործվելու դեպքում չեն կարող վնասել եւ խախտել գետի հունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Արաքսի երկայնքով ձգվող ավազի հանքավայրերի սեփականատերերն անխնա ավազ են արդյունահանում, ինչի արդյունքում հայկական կողմից գետի հունը ներս է եկել` խախտելով հայ-թուրքական սահմանը` հօգուտ Թուրքիայի: Եվ շրջանառվող լուրերի համաձայն՝ գետի ափն առավել խախտող ավազահանքերը պատկանում են Գագիկ Ծառուկյանին ու Հովիկ Աբրահամյանին: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ, ով ասաց. «Ինձ մոտ դրված է մեր մարզում ավազի հանք ունեցողների ցանկը եւ այնտեղ չկան գրված ո՛չ Հովիկ Աբրահամյանի, եւ ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի անունները»:
Ինչ վերաբերում է Արաքսի հունի խախտմանը, մարզպետարանի աշխատակիցը պնդեց. «Արաքս գետի հունը չի փոխվել, միայն հատուկ տեղեր շեղվել են, բայց այն ավազի հանքերի հետ կապ չունի»: Իսկ թե այդ շեղումներն ինչի հետ են կապված, նա դժվարացավ պատասխանել. «Չենք կարող նկատել, թե ինչ է կատարվում ջրի մեջ: Երեւի մի կողմով հոսելուց է»:
Նշենք, որ այս պահին Արարատի մարզի Ռանչպար, Լուսառատ եւ Արարատ համայնքներում գործող ավազահանքեր կան:
Տեղեկություն ստանալու նպատակով դիմեցինք Ռանչպարի համայնքապետ Մանուկ Օհանյանին, ով ասաց. «Մեզ մոտ ավազահանք կա: Գյուղի ճանպարհների խճապատման համար, գյուղից մարդ է մահանում, գյուղացիներից մեկը տուն է ուզում կառուցել ավազն այդտեղից ենք վերցնում, առանց որեւէ բանի տալիս են: Ոչ փոշի են հանում, ոչ էլ թոզ, մարդիկ աշխատում են ու իրենց հարկն ու տուրքը ժամանակին մուծում են»: Ի դեպ, Ռանչպար գյուղում գործող ավազի հանքավայրը գյուղապետարանին հողի վարձի համար տարեկան վճարում է 400-500 հազար դրամ:
Գյուղապետից հետաքրքրվեցինք արդյոք տեղյակ է Արաքսի հունի խախտման հետ կապված մասնագետների մտահոգությունից, թե ոչ. «Ի լուր ամբողջ աշխարհի ասեմ, որ այս տարի գետը չկա, ջուր չկա, ավազ չի բերում: Եվ մինչեւ գարուն ջուր չի լինի, ձյուն պետք է գա: Ախր այս ավազահանքերի տերերն էլ այսօր հայտնվել են անելանելի վիճակում. պետք է իրարից հաճախորդ փախցնեն, որովհետեւ այսօր մեր հանրապետությունում շինարարություն չկա: Իսկ ով էլ որ շինարարություն է անում, իր սեփական ավազի հանքն ունի: Գործը կանգնել է»:
Հ.Գ. Վերջում հավելենք, որ շինարարության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող «Սահակյանշին» ՍՊԸ-ն մտադիր է ավազի հանքավայր շահագործել Սեւջուր գետի մոտ: Ընկերության ներկայացուցիչ Արա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դեռ չենք շահագործել, այդ ամենը գործընթացի մեջ է, բայց հասարակական լսումներն արվել են»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ