Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ինքնավնասում է արել:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ամբաստանյալն ինքնավնասումն արել է կրակայրիչի երկաթե հատվածով, ինչի հետևանքով արյուն է կորցրել:
Ամբաստանյալի պաշտպան Ստեփան Ոսկանյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է շտապ օգնությունից` հայտնելով, որ իրեն արդեն լավ է զգում:
Հարցին, թե ինչու Դավիթ Գալստյանը դիմեց այդ քայլին, վերջինիս պաշտպանը հայտնեց, որ դա բողոք էր նրա նկատմամբ կատարված խոշտանգումների և անարդարությունների դեմ:
«Եթե նախկինում որևէ մեկն իր արածների համար պատասխան տար, պատժվեր, չէին լինի նման բողոքի ակցիաներ և զոհեր: Իմ պաշտպանյալը հոգեբանական պահեր է վերապրել, ինչի հետևանքով էլ դիմել է նման քայլի: Պաշտպանյալիս քայլը ծայրահեղ քայլ էր բողոքելու համար»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:
Վերջինս հայտնեց, որ իր պաշտպանյալի վիճակն այս պահին լավ է, վնասվել է միայն դաստակի մի մասը: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ նախկինում ևս նման դեպք եղել են: Այդ անգամ, սակայն, երեք ամբաստանյալներ էր դիմել ինքնավնասման` կրկին ի նշան բողոքի:
Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել օգոստոսի 6-ին: