ՕԵԿ-ն առաջարկում է վերացնել կուսակցությունների պարտադիր աուդիտը. Կառավարությունը դեմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հուլիսի 24-ի նիստում դեմ է արտահայտվելու ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Նշենք, որ այս նախագծով` ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում են վերացնել օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու դեպքում, ինչպես նաև` ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող ակտիվների արժեք ունեցող կուսակցությունների հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի անցնելը:

Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակ ՕԵԿ-ական պատգամավորները նշում են, թե «Կուսակցությունների մասին» օրենքի 28.1-րդ հոդվածը սահմանում է, որ այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնահազարապատիկը, ինչպես նաև այն կուսակցությունները, որոնք օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո:

«Օրենքի այս պահանջն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար՝ անհարկի եւ անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն բարձր է աուդիտի ծառայությունների արժեքը, այլև ոչ բոլոր կուսակցություններն ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ օրենքով սահմանված դեպքերում աուդիտի անցկացումն ապահովելու համար», – նշված է առաջարկում:

Սակայն Կառավարությունն էլ դեմ է այս նախագծին և համարում է, թե «Կուսակցությունների մասին» օրենքը 28.1-ին հոդվածով լրացվել է 2012 թվականին՝ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 65-րդ կետի պահանջների համաձայն: Նման պահանջը պայմանավորված է GRECO-ի՝ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակադրմամբ:

«Գտնում ենք, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները կնվազեցնեն կուսակցությունների գործունեության թափանցիկության ապահովումը և չեն բխի GRECO-ի սահմանած չափանիշներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հիշյալ որոշման 65-րդ կետի պահանջներից»,- իր եզրակացությունը փաստարկում է կառավարությունը:




Լրահոս