Թեեւ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը դեռ վիճարկում են դեկտեմբերի 23-ին կայացած խայտառակ քվեարկության արդյունքները՝ փորձելով հասնել ընդհուպ մինչեւ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահի փոփոխության, այնուամենայնիվ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է հայ-ռուսական գազային համաձայնագրերը` այդպիսով իր պատվավոր «բարձր» տեղն ապահովելով ՀՀ ազգային դավաճանների շարքում: Թեեւ Հ. Աբրահամյանի համար վաղուց հայրենիքը վերածվել է եկամտաբեր բիզնես միջավայրի, որտեղ կարելի է մեծ գումարներ աշխատել եւ մնալ անպատիժ: Եվ բնական է, որ հայրենիք- բիզնես ընտրության մեջ Աբրահամյանը կընտրեր բիզնեսը:
Ի դեպ, համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի՝ այդ համաձայնագրերը պետք է հաստատի նաեւ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը:
Դեկտեմբերի 4-ին, երբ ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «ավետեց» «Հայռուսգազարդ» ընկերության՝ ՀՀ-ի 20 տոկոս մասնաբաժինը ռուսներին հանձնելու լուրը՝ բացատրելով, թե «ստացվում է՝ 155 մլն դոլարը կա՛մ «քեշ» փողով պետք է վճարեինք, կա՛մ էլ ինչ-որ ձեւով մարեինք», անմիջապես բոլորի մոտ մեկ տրամաբանական հարց առաջացավ. ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը հատուցի Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության սխալների հետեւանքները, երբ անգամ գազի գնի բարձրացման մասին լուրը գաղտնի էր պահվում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրությամբ պարզեց, որ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների եւ հայրենի նախարարների պաշտոնական ունեցվածքն ընդհանուր հաշվով մոտ 14.5 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Իսկ ռուսական wek.ru կայքի փոխանցմամբ՝ միայն Ս. Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Ինչո՞ւ Սարգսյանն իրեն սատարող բուրգի շրջանում հանգանակություն չարեց եւ «քեշ» չմարեց իրենց մեղքով գոյացած պարտքը:
Հայաստանում քիչ չեն պետական պաշտոնյաները, որոնք առաջին հայացքից աչքի չեն ընկնում, բայց լուրջ ունեցվածքի տեր են: Ավելին, այդ պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրելիս կարելի է պնդել` իրենց ունեցվածքով կարող են մրցել մի շարք հայտնի օլիգարխների հետ: Պաշտոնավարման տարիներին լուրջ ունեցվածք է կուտակել ոչ միայն ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, այլեւ իր տեղակալները: Օրինակ՝ ՊԵԿ առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը հայտարարագրել է 20 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 4 հազար եվրո: Մյուս փոխնախագահը` Արմեն Ալավերդյանը, հայտարարագրել է 595 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում տարեսկզբին նրա ունեցվածքը եղել է ավելի քիչ` ընդամենը 90 հազար դոլար: ՊԵԿ փոխնախագահներից Տիգրան Բարսեղյանը հայտարարագրել է 70 հազար դոլար, Ռոբերտ Գալոյանը` 44 մլն դրամ, 2.3 մլն դոլար եւ 200 հազար եվրո, իսկ Վախթանգ Միրումյանը` 50 հազար դոլար եւ 2.2 մլն դրամ:
ՀՀԿ-ում վերջին օրերին բավական թեժ մթնոլորտ է. լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որոնք համարձակվել են գազային համաձայնագրերի դեմ քննադատական ելույթներ ունենալ: Ու որպեսզի «համաներվեն», առաջարկվել է խելոք գնալ ու համաձայնագրերին կողմ քվեարկել: Պատահական չէ, որ կողմ քվեարկելուց բացի, օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը սուր քննադատել էր համաձայնագրերը, նախօրեին պաշտպանում էր հաշվիչ հանձնաժողովի կատարած կեղծիքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Դ. Հարությունյանը հերքեց տեղեկությունները, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել: