Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի նախագահ Բորիս Նավասարդյանի եւ «Ասպարեզ» հասարակական կազմակերպության ղեկավար Լեւոն Բարսեղյանի միջեւ փոխհարաբերությունները վերջին ժամանակահատվածում լարվել են: Բանն այն է, որ երբ Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքական կուրսը եւ նախընտրեց անդամակցել Մաքսային միությանը, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ որոշ հ/կ-ներ կասեցրին իրենց անդամակցությունը կառույցին: Դրանց թվին է պատկանում նաեւ Լ. Բարսեղյանի կազմակերպությունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց երկու կողմերի հետ:
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
-Պարո՛ն Նավասարդյան, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմում եղած տարաձայնությունները կարծես թե հանգուցալուծում չեն գտնում: Ի վերջո, ի՞նչ է կատարվում իրականում:
-Լեւոն Բարսեղյանը պլատֆորմին առաջարկել է, որպեսզի պլատֆորմը կողմնորոշվի իշխանությունների հետ կապված հարաբերությունների հարցում: Պլատֆորմը բավականին երկար ժամանակ այդ հարցը քննարկում էր եւ ամսի 21-ին ընդունեց մի հայտարարություն, քանի որ անդամները գտան, որ դա իսկապես արդիական խնդիր է: Իսկ այդ հայտարարությունից հետո հասկանալի կլինի, թե պլատֆորմի անդամներն ինչ կորոշեն, ինչպիսին է իրենց հետագա համագործակցությունը պլատֆորմի հետ:
-Ըստ «Ասպարեզ»-ի՝ Դուք որեւէ քայլ չեք ձեռնարկել….
-Եթե Դուք նկատի ունեք Բորիս Նավասարդյանին եւ Երեւանի մամուլի ակումբին, ապա Բ. Նավասարդյանն ընդամենը ազգային համակարգողն է, իսկ պլատֆորմի որոշումները կայացվում են կոլեգիալ ձեւով: Ես ընդամենը մոդեռատորն եմ այդ գործընթացի, այնտեղ ունեմ իմ անձնական կարծիքը, բայց տվյալ դեպքում իմ անձնական կարծիքը չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ պլատֆորմը՝ որպես կառույց, որը միավորում է 190 կազմակերպություն, պետք է գա ինչ-որ ընդհանուր հայտարարի: Այդ պրոցեսը բավականին բարդ է: Սեպտեմբերից սկսած՝ մենք ունեցել ենք բավականին շատ քննարկումներ, որոնց արդյունքները մի քանի միջանկյալ հայտարարություններ էին: Սա այս պահի դրությամբ քիչ թե շատ այն կոնսենսուսային մոտեցումն է, որը կա պլատֆորմում: Իմ, Լ. Բարսեղյանի, ցանկացած այլ անդամի մոտ կա ավել կամ պակաս ռադիկալ մոտեցում, բայց դա չէ կարեւորը, կարեւորն այն մոտեցումն է, որը կա պլատֆորմի դեպքում: Եթե գտնում են, որ իրենց կազմակերպության եւ իրենց անձնական դիրքորոշումը շատ է տարբերվում պլատֆորմից, կարող են որոշում կայացնել սառեցնել կամ ընդհանրապես դադարեցնել իրենց մասնակցությունը պլատֆորմին: Մինչեւ մեր վերջին հայտարարությունն «Ասպարեզ»-ը սառեցրել էր իր մասնակցությունը, հիմա կտեսնենք, թե ինչպիսի արձագանք կլինի:
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
-Պարո՛ն Բարսեղյան, ի՞նչ է որոշել անել «Ասպարեզ»-ը, համագործակցելո՞ւ է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի հետ, թե՞ դադարեցնելու եք ձեր անդամակցությունը:
-Ես եւ մեր կազմակերպությունը գտանք, որ Մաքսային միության հետ կապված պլատֆորմը պարտավոր է պատասխանատվության կանչել Սերժիկ Սարգսյանին, որը 4 տարի շարունակ բանակցել է եվրաինտեգրման հարցով եւ անակնկալ Հայաստանին տանում գցում է Ռուսաստանի փոսը: Իսկ քանի որ ազգային պլատֆորմը համարվում է Եվրոպայի միության Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ, ենթադրվում է, որ պլատֆորմի 150-ից ավելի հ/կ-ների փիլիսոփայությունը եվրաինտեգրացումն է, եւ եթե եվրաինտեգրացման դեմ ՀՀ իշխանությունները գործողություններ են անում, ավելին, սկսում են ՀՀ ինքնիշխանությունը զիջել օտար երկրին, ես համարում եմ, որ այդպիսի պլատֆորմը պարտավոր է հավատարիմ մնալ իր հիմնարար սկզբունքներին եւ նախ հաշիվ պահանջել Սերժ Սարգսյանից իր վարած անհեթեթ քաղաքականության, անհիմն քայլերի համար: Ու ես կարծում եմ, որ պլատֆորմն այդ առումով պետք է շատ վճռական մոտեցում ցուցաբերի:
-Իսկ պլատֆորմը դե՞մ է Ձեր մոտեցմանը:
-Երբ ես ազգային պլատֆորմում լսել եմ, որ մենք պարտավոր ենք շարունակել երկխոսությունն իշխանությունների հետ, ես հասկացել եմ, որ դա բոլորովին այլ ռազմավարություն է, քան ես պատկերացնում էի: Ես ասել եմ, որ մեր կազմակերպությունը սառեցնում է իր անդամակցությունը: Իսկ վերջին ժողովին ես չեմ մասնակցել ու տեղյակ չեմ, թե վերջին հայտարարությունն ինչ տեսք ունի: Եթե հայտարարության մեջ տեղ գտնի այն, ինչ ես ասացի՝ բացատրություն պահանջել Սերժիկ Սարգսյանից… բնապահպանության նախարարությունում ունեցած իր ելույթներն ինձ ոչինչ չեն տալիս, երբ որ ինքը ենթակաների մոտ գնում, ելույթներ է ունենում: Ինձ պետք է, որ այդ մարդը քաղաքացիական հասարակությանը հաշիվ տա:
Հ.Գ. Հայտարարությունում նշվում է. «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսլականին եւ վճռականությունը՝ հանդես գալ որպես ՀՀ իշխանությունների ընդդիմախոս՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստ է օգտագործել իր ամբողջ ներուժը՝ Հայաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի օրակարգին վերադարձնելու համար: Այդ նպատակով ՀԱՊ-ն իրազեկման լայնածավալ աշխատանք է իրականացնելու եւ պատրաստ է համագործակցել քաղաքական եւ քաղաքացիական այն բոլոր կառույցների հետ, որոնք կիսում են ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մոտեցումներն ու նպատակները»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՄՆԱՑ 6 ՕՐ
«ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
Սերժ Սարգսյան 2013թ. մարտի 18
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013-Ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս:
Այսպիսով, եթե Սերժ Սարգսյանը հարգում է իր խոսքի արժեքը, ապա Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը պետք է հրաժարական տա: Ի վերջո, անգամ պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին ՀՀ տնտեսական աճը չհասավ պահանջված 7 տոկոսին: